Չարաբաստիկ հոդվածը հակասահմանադրական ճանաչվեց, ցավալի է, որ սա երեք տարի հետո արձանագրվեց. Վարդեւանյան

60

«Ես ցավում եմ, որ այս ամենը տևեց 3 տարի։ Այս ամեն ինչը իրավական պրոցեսների դաժան, բարդ ճանապարհի արդյունք էր, բայց ի վերջո ճշմարտությունը հաղթեց»,- այս մասին ՍԴ բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը և հավելեց.

«ՍԴ-ն սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչեց չարաբաստիկ 300.1֊րդ հոդվածը։  ՍԴ-ն ընդգծեց 78 և 79-րդ հոդվածները, դրանով իսկ որոշակիության և համաչափության վերաբերյալ սահմանադրականությանը հակասող է ճանաչվել այս հոդվածը»։

Վարդևանյանը հիշեցրեց, որ 2018 թվականի սեպտեմբերից բոլոր գործընկերները, փաստաբանական թիմը և Ռոբերտ Քոչարյանը նշում էին՝ 300.1 հոդվածի ոչ որոշակի լինելու մասին։ Ափսոսանք հայտնեց, որ միայն 2021 թվականին դա արձանագրվեց։

«Այսօր արձանագրվեց և բարձր դատարանը գտնվեց իր բարձունքի վրա։ Սա նշանակում է, որ 300.1 հոդվածով ինչպես ի սկզբանե չէր կարող լինեն քրեական հետապնդում, այդպես էլ այս քրեահետապնդումը 300.1-րդ հոդվածով դադարեցվելու է»։

Վարդևանյանը հայտնեց, որ ՍԴ-ի որոշումը մտնում է ուժի մեջ հրապարակման պահից։ Որոշումը կհրապարակվի երեք օրյա ժամկետում։

«Պարոն Խունդկարյանը պատճառաբանական մասի վերաբերյալ ունի հատուկ կարծիք և փաստորեն ՍԴ մյուս դատավորները այլ կարծիք չունեն։ Սա նշանակում է, որ ՍԴ-ն նման մեծամասնությամբ գտավ, որ այս հոդվածը հակասահմանադրական է»։

Վարդևանյանը նշեց՝ շատ կարևոր օր է այսօր, իսկ ԱՆնա Դանիբեկյանը քրեական հետապնդումը 300.1-րդ հոդվածով դադարեցնելու է։

«ՍԴ որոշման ուժով արդեն իսկ բոլոր ակտերը, որոնք վերաբերում են հոդվածին ընդունման պահից ի վեր ուժ չունեն և ենթակա են վերանայման»։

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը՝ նախագահությամբ Արման Դիլանյանի, վերադառնալով խորհրդակցական սենյակից, քիչ առաջ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցով որոշումը՝ արձանագրելով, որ հոդվածը հակասում է Սահմանադրությանը