Մինչ ԱԱԾ-ն զբաղված է ընդդիմադիրներին գաղտնալսելով, ադրբեջանցիները հասանելիություն են ստանում ՀՀ քաղաքացիների, նրանց թվում՝ պաշտոնյաների անձնական տվյալների բազային

386

Ադրբեջանական տելեգրամյան ալիքները հասանելիություն են ձեռք բերել «Վիվասել» և «Բիլայն» կապի օպերատորների ցանցում գտնվող բջջային հեռախոսահամարներին։ Ցանկերում առկա են նաև պաշտոնատար անձանց անձնագրային տվյալները, հասցեները և այդ փաթեթն առանց որ որևէ խոչընդոտի շրջանառվում է համացանցում։ 

«Փաստինֆո»-ի հետ զրույցում մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը նկատեց՝ անկախ Հայաստանի գոյության ընթացքում ներկայիս տեղեկատվական անվտանգության մակարդակն ամենացածրն է․ «Այն ծառայությունները, որոնք պետք է ուշադիր լինեին, որ նման արտահոսք չլիներ, այլ հարցերով են զբաղված։ ԱԱԾ-ն ամբողջությամբ սպասարկում է Նիկոլ Փաշինյանի շահերը, զբաղված է ընդդիմադիրներին գաղտնալսելով և այն գործողություններով, որոնք ոստիկանության գործառույթներն են»,-նշեց մեդիափորձագետը։

Վերջինս նկատեց՝ հաշվի առնելով ներկա պահին տեղեկատվական անվտանգության ցածր մակարդակը, սպասելի էր նման արտահոսք։ Ամբողջ աշխարհում ժամանակ առ ժամանակ այս տվյալների բազայի արտահոսք լինում է․ «Լինում է, որ օրինակ մարդը գործից դուրս է գալիս, այդ բազան վերցնում ու ինչ-որ մեկին վաճառում, բայց դրա համար գոյություն ունեն տվյալ կազմակերպությունների անվտանգության ծառայությունները և ազգային անվտանգության ծառայությունը, որոնք պետք է վերահսկեն գործընթացը»,-նշեց Տիգրան Քոչարյանը։

Մեդիափորձագետը նշեց, որ ԱԱԾ-ն պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի այդ տվյալները վերանան համացանցից։
Հարցին՝ ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում մեր թշնամու համար այդ տվյալների հասանելիությունը, Տիգրան Քոչարյանն ասաց, որ ցանկության դեպքում հնարավորինս ամեն ինչ կարող են անել, մարդկանց վնաս պատճառելու համար․ «Շատ բաներ կարող են անել՝ սկսած նրանից, որ այդ քարտերը կարող են կլոնավորվել և ինչ-որ համարներ ստեղծեն։ Բանկային տվյալների մուտք կարող է լինել, շատերն իրենց հեռախոսների վրա են պահում գաղտնաբառերը, կոդերը։ Ցանկության դեպքում ամեն ինչ կարող են անել, կարող են որոշակի ծրագրերի միջոցով որոշել՝ որ սոցիալական ցանցում ինչպես են գրանցվել։ Կարող են ինֆորմացիոն տեռոր սկսել, անընդհատ նամակներ ուղարկել որոշակի պաշտոնյաների համարների այնքան, մինչև հեռախոսն արգելափակվի։ Ցանկացած վատություն կարող են անել։ Բոլորս էլ հասկանում ենք՝ ինչքան քիչ մարդ իմանա անձնական տվյալների մասին, այնքան լավ»,-նշեց Տիգրան Քոչարյանը։
Բաժանորդները, որոնք կտուժեն այս արտահոսքից, կարող են դատի տալ և՛ համապատասխան օպերատորին, և՛ պետությանը, որ չեն կարողացել պաշտպանել իրենց անձնական տվյալները։

Հարցին՝ արդյոք ԱԱԾ-ում բոլոր պաշտոնյաներն են ծառայում Նիկոլ Փաշինյանի շահին միայն և չկան պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք հետամուտ կլինեն այս գործընթացին, մեդիափորձագետը նկատեց՝ պրոֆեսիոնալ մարդիկ կա՛մ իրենք են ԱԱԾ-ից դուրս եկել, կա՛մ աշխատանքից ազատել են․ «Նորմալ կադրերին պետք է հետ բերել ԱԱԾ և այս կառույցին վերադարձնել այն գործառույթները, որով պետք է զբաղվի, այլ ոչ թե դարձնել հերթական ոստիկանություն»,-հավելեց Տիգրան Քոչարյան

Փաստինֆո