Հաջողություն եմ մաղթում ԱԱԾ-ին՝ խմբակի պաշտպանի գործում. Մակինյան

136

Ցավում եմ, որ ԱԱԾ-ն ակամայից ներքաշվեց այս խմբակի պաշտպանի դերը ստանձնելու գործի մեջ։ Հաջողություն եմ մաղթում իրենց այս աշխատանքում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը՝ անդրադառնալով ԱԱԾ որոշմանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի վերաբերյալ քրեական գործով առերևույթ ապօրինի միջամտության և արդարադատությանը խոչընդոտելու փաստի առթիվ քրեական գործ չի հարուցվի։ ԱԱԾ մամուլի ծառայությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ քրեական գործի հարուցումը մերժվել է։

Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ մամուլի հրապարակումներից է տեղեկացել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, որոշման հիմքերի վերաբերյալ որևէ բան ասել չի կարող։ Մակինյանն ԱԱԾ-ին հաջողություն մաղթեց, մնացածն ընթացքում կերևա։ Ինչ վերաբերում է Աննա Վարդապետյանի՝ ԱԱԾ այցին, Մակինյանը նշեց, որ այդ մասին ևս տեղեկացել է մամուլից, որևէ տեղեկություն չունի։

Հիշեցնենք, որ մամուլին հասանելի էր դարձել աղմկահարույց մի տեսանյութ, որով ապացուցվում է, որ նշված գործով հենց Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի հետ համաձայնեցվել են մեղադրանքի որոշումները, ավելին՝ նա իրեն իրավունք է վերապահել խմբագրել ու ցուցումներ տալ քննիչին, թե ինչ մեղադրանք առաջադրի Հայրապետյաններին, տարածվել է մարտի 10-ին։

Մարտի 11-ին դատախազությունը հայտարարեց, որ մամուլի հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ՝ նյութեր նախապատրաստելու, մինչդեռ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնատար անձանց, իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից առերեւույթ կատարված հանցագործության դեպքերով նախաքննության կատարումը վերապահված է հատուկ քննչական ծառայությանը եւ ոչ թե ԱԱԾ-ին։

Աղբյուր` Փաստինֆո