Իրաքյան կողմը ծանոթացել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի լուծումներին

89

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում մարտի 25-ին նախարար  Հակոբ Արշակյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությանը։

Իրաքի պաշտպանության նախարարության պատվիրակությանն են ներկայացվել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի առաջարկած մի շարք արտադրանքներ եւ լուծումներ: Ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունները ցուցադրել են հայկական զինատեսակների հնարավորությունները:

Արշակյանը ողջունել է իրաքցի գործընկերոջը եւ նշել, որ այս այցը փաստում է երկու երկրների միջեւ եղած գործընկերային եւ բարեկամական հարաբերությունները: Նա պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության եւ նախարարության իրավասություններին վերաբերվող այլ ոլորտներում։

Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարը նշել է, որ պատվիրակության այցը Հայաստան երկու հիմնական նպատակ է հետապնդում. երկու բարեկամ երկրների միջեւ հարաբերությունների բարելավում ու զարգացում, ինչպես նաեւ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության զարգացում:

Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ ցանկություն են հայտնել շարունակելու համագործակցությունը, Հակոբ Արշակյանը կարեւորել է հաջորդիվ կայանալիք Իրաքի ՊՆ աշխատանքային խմբի այցը Հայաստան:

Itel.am