Ի՞նչ հրթիռներ կան հայկական զինանոցում, և ի՞նչ հրթիռ է հայկական կողմը պատվիրել ՍՈՒ-30ՍՄ-երի համար և դեռ չի ստացել

99

Մարտի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանի գնած ՍՈՒ-30ՍՄ կործանիչները հրթիռներ չունեն՝ նշելով, որ չեն հասցրել գնել դրանք մինչև պատերազմը։

«Մեզ ասում են՝ ինչի՞ եք ինքնաթիռ առել։ Այո, մենք ինքնաթիռն առել ենք, մայիսին ա էդ ինքնաթիռը էկել, և այո, հրթիռները չենք հասցրել մինչև պատերազմը ձեռք բերել։ Բա ինքնաթիռները դուք ձեռք բերեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները ձեռք բերեինք․․․ Բա ինչի՞ չունի 26 տարվա պետությունը կործանիչ ավիացիա»,- ասել էր Փաշինյանը։

Երեկ խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը լսելու և թզբեհ քաշելու ընթացքում Նիկոլ Փաշինյանը փորձել է սրբագրել իր վերջին հայտարարությունը, բայց ինչպես ասում են՝ «ունքը սարքելու տեղն աչքն էլ է հանել»:

Նա նախ կրկնել է, թե Սու-30ՍՄ կործանիչները Հայաստան են բերվել 2020թ. մայիսին:

Մինչդեռ Ռուսաստանից գնված Սու-30ՍՄ բազմաթիրախային կործանիչների առաջին խմբաքանակը բերվել է Հայաստան 2019-ի դեկտեմբերի 27-ին, և հենց Նիկոլ Փաշինյանն էլ Գյումրու «Շիրակ» ավիաբազայում հետևել է դրանց առաջին թռիչքին։

Երկրորդ, Փաշինյանը հակասություն չի գտել իր կողմից արված հայտարարությունների միջև, երբ մի դեպքում ասում է՝ «ՍՈւ 30-ները մարտական խոցումով առաջին վարժական թռիչքներն են իրականացնում», իսկ Արագածոտնի մարզ այցելության ժամանակ պարզվում է, որ «ինքնաթիռն առել ենք, բայց հիթիռները չենք հասցրել ձեռք բերել մինչև պատերազմը» (իր խոսքն է)։

«Երկու հայտարարությունների միջև որևէ հակասություն չկա։ ՍՈւ-30 ՍՄ ինքնաթիռները Հայաստան են եկել 2020 թվականի մայիսին, և այո՛, իրականացրել են վարժական թռիչքներ և օգտագործել են հրթիռներ, որոնք նախկինում Հայաստանի զինանոցում եղել են։ Կոնկրետ ռազմական իրավիճակում նրանց օգտագործման կամ չօգտագործման վերաբերյալ որոշումները կայացվել են ըստ այնմ, թե եղած սպառազինությունն ինչքանո՞վ է հնարավորություն տալիս, որպեսզի այդ ինքնաթիռները կատարեն իրենց առաջ դրված մարտական խնդիրները․․․ Ցավոք սրտի, պատերազմի ընթացքում չէինք հասցրել ձեռք բերել անհրաժեշտ բոլոր աքսեսուարները, հրթիռները, որոնք հնարավորություն կտային Սու-30ՍՄ գերժամանակակից զենքը կիրառել իր նշանակությամբ և հզորությամբ»,- խորհրդարանում արդարացել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ 2020թ. հուլիսի 3-ին Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրառում էր կատարել, որ ՍՈՒ-30ՍՄ-ները «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել, ընդ որում՝ փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ։

Դրանից հետո՝ 2020թ․ հուլիսի 15-ին, Փաշինյանը նաև գրառում էր արել, թե՝ ՍՈՒ-30ՍՄ-ները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օդային սահմանների անձեռնմխելիությունը։

Որպես կործանիչ ծառայելու համար ինքնաթիռներին պետք են «երկինք-երկինք» կամ «երկինք-երկիր» հրթիռներ, որոնց առկայության մասին որևէ փաստարկ չկա, և որոնց բացակայությունն է, ըստ էության, ընդունել Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում: Այսինքն, այդ ինքնաթիռները չէին կարող մարտական հերթապահություն իրականացնել՝ որպես կործանիչներ, ինչպես ավելի վաղ պնդել էր Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է հուլիսի 3-ին հրապարակված տեսանյութին, ապա կործանիչները զինված են Ս-8 տիպի չղեկավարվող ավիացիոն հրթիռներով, որոնք կարող են տեղադրվել նաև ուղղաթիռներին և գրոհիչներին, այդ թվում՝ ՍՈՒ-25 ինքնաթիռներին: Այդպիսի հրթիռներ և բլոկներ Հայաստանը վաղուց ունի իր սպառազինության մեջ։

168.am-ի տեղեկություններով, մեր զինանոցում առկա են նաև Ռ-29, Ռ-28, Ռ-27 հրթիռներ, որոնք կարող է կիրառել նշված կործանիչը։

Այսինքն, բացի Ռ-77-ի և Х-59-ի վերջին տարատեսակներից, որոնց ամենաշատն ենք սպասել, մնացածն ունենք մեր զինանոցում, և եթե հայ օդաչուները պատրաստված լինեին, կամ չլինեին այլ խնդիրներ, ապա հնարավոր էր նշված հրթիռներով մարտական կիրառությունը։ Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Ռ-77 հրթիռի վերջին տարատեսակը դեռ փորձարկման փուլում է, այն մինչև վերջ դեռ ավարտված չէ: Ռուսական զինանոցում եղած Սու-30 կործանիչները ևս հիմնականում զինված են ոչ վերջին հրթիռներով։

168.am-ի հավաստի տեղեկություններով, հայկական կողմը Ռ-77 հին տարատեսակի հրթիռ ռուսական կողմից չի ուզել, ի սկզբանե ցանկացել է և պատվիրել Ռ-77 նոր տարատեսակի հրթիռ՝ 110 կմ-անոց, այսպես ասած:

Հայկական աղբյուրներից նշում են նաև, որ ՍՈւ-30-ները պրոբացիոն, ադապտացիոն թերություններ են ունեցել, որոնց վերացումը ժամանակ է պահանջում:

Հիշեցնենք, որ «5-րդ ալիք» հեռուստաընկերության եթերում 2020թ. հոկտեմբերին այդ ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ պատերազմի ժամանակ Սու-30 կործանիչներն իրենց նշանակության և մարտական հնարավորությունների սահմանափակ ծավալով կիրառվել են:

«Չբացեմ փակագծերը՝ որտեղ, ինչի համար, ինչպես։ Սու 30-ներն ունեն բազում ֆունկցիաներ։ Կործանիչ ավիացիան ունի բազում ֆունկցիաներ. և հարվածային, և պաշտպանողական, և պատսպարման, և հետախուզական, և ռադիոէլեկտրոնային։ Դա բարդ զինատեսակ է, որն ունի ադապտացման և յուրացման տևական փուլ»,- նշել էր նա։

Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ առանց հրթիռների կործանիչներ գնելու հայտարարությանը, և այն, որ ինքնաթիռների և տարբեր մոդիֆիկացիաների հրթիռների արտադրողները նույն սուբյեկտները չեն, Մարտավարական և տեխնոլոգիական հետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ, ռազմական փորձագետ Կոնստանտին Մակիենկոն ի պատասխան պնդել է՝ մարտական ինքնաթիռները, մասնավորապես, կործանիչներն առանց սպառազինական լրակազմի գրեթե չի մատակարարվում: Ըստ Մակիենկոյի՝ նորմալ պրակտիկա է, երբ մեկ ստանդարտ ավիացիոն խոցման միջոց է տրամադրվում կործանիչի հետ:

Մեր տեղեկություններով, ռուսական կողմը հայկական կողմին իրապես տրամադրել է «օդ-երկիր» հրթիռ, բայց ասում են՝ կան նաև շատ քաղաքական հարցեր:

Ի դեպ, 2018-ին ռուսական լրատվամիջոցներում հոդված հրապարակվեց, որտեղ նշվում էր, որ ռուսական կողմին անչափ ոգևորել է ՀՀ իշխանությունների ՍՈւ-30-ներ ունենալու ցանկությունը, քանի որ ՌԴ ռազմարդյունաբերական կոմիտեն խնդիր էր դրել 2022թ. դադարեցնել ՍՈւ-30-ի արտադրությունը և անցնել ՍՈւ-35-ի արտադրության: Սակայն կարճ ժամանակ անց հայտնվել է ՍՈւ-30-ի նոր տարատեսակ։

168.am