Թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը նոր փուլ է մտնում

235

Արցախում պատերազմի ավարտից հետո Թուրքիան և Ադրբեջանը ռազմական ոլորտում շարունակում են ուժեղացնել երկկողմ համագործակցությունը: Պարբերաբար համատեղ զորավարժություններից ու ժամանակակից ռազմական տեխնիկայի վաճառքից բացի, Անկարան նախատեսում է հավելյալ պայմանագրեր կնքել Բաքվի հետ` թուրքական արտադրության ժամանակակից զինամթերքի մատակարարման համար:

Առաջին քայլը վերջերս Անկարայում կայացած թուրք-ադրբեջանական գործարար համաժողովից հետո կնքված մի շարք երկկողմ պայմանագրերն են, որոնցից ամենախոշորը SOM գերճշգրիտ թևավոր հրթիռների մատակարարման վերաբերյալ էր: Նախատեսվում է, որ դրանք տեղադրվելու են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների վրա՝ հիմնականում խորհրդային արտադրության:

Այս ընտանիքի հրթիռներն ունեն մի շարք առաջադեմ տեխնիկական բնութագրեր: SOM-A հիմնական մոդելը հագեցած է իներցիալ-արբանյակային ուղղորդման համակարգով և 230 կգ քաշով բարձր պայթուցիկ մարտագլխիկով: SOM-B1 հրթիռի արդիականացված տարբերակը հագեցած է լրացուցիչ ուղղորդման ինֆրակարմիր համակարգով, իսկ վերջին տարբերակը՝ SOM-B2-ը, որը նախատեսված է բունկերների ոչնչացման համար, հագեցած է լրացուցիչ տանդեմային մարտագլխիկով: Թիրախի ոչնչացման տիրույթը 250 կմ է: Նշենք, որ SOM ընտանիքի հրթիռներն արտադրվում են ամերիկյան  Lockheed Martin ընկերության տրամադրած արտոնագրով։

Թուրքիան SOM տեսակի հրթիռներն ի սկզբանե ստեղծել էր ամերիկյան F-35 կործանիչների վրա տեղադրելու համար։ Սակայն Ռուսաստանից С-400 հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու պատճառով ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի նկատմամբ՝ հետաձգելով F-35-երի մատակարարումը: Այդ պատճառով Թուրքիան SOM հրթիռները տեղադրեց իր ռազմաօդային ուժերում առկա F-16 կործանիչների վրա:

Ըստ փորձագետների, Ադրբեջանի ռազմաօդային ուժերում միայն երկու մոդելի ինքնաթիռ է ընդունակ օգտագործել SOM դասի հրթիռ: Խոսքը ՄիԳ-29-ի և Սու-24 մասին է, որոնք նախկինում օգտագործում էին սովետական ​​(ռուսական) արտադրության զինամթերք: Հասկանալի է նաև, որ Ադրբեջանի կողմից ռուսական ՄիԳ-29-ի և Սու-24-ի վրա թուրքական արտադրության հրթիռ տեղադրելը Կրեմլում ընդունվելու է ոչ միանշանակ, ինչն արդեն զգալիորեն նկատելի է ռուսական լրատվական դաշտում։

Փաստ է, որ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը նոր փուլ է մտնում և Թուրքիան, նամանավանդ, Արցախյան վերջին պատերազմից հետո ավելի ու ավելի է ամրապնդում իր դիրքերն Ադրբեջանում՝ մեզ համար իր անցանկալի հետևանքներով հանդերձ։

Տես՝ հեղինակի մյուս հոդվածները