Դինքի սպանության համար Ստամբուլի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել ոստիկանության երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյաների

91

Ստամբուլի դատարանը մարտի 26-ին ցմահ ազատազրկման է դատապարտել ոստիկանության երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ ժանդարմերիայի սպաների ավելի քան 14 տարի առաջ «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործում իրենց դերակատարման համար: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

2011-ին թուրքական դատարանը 23 տարվա ազատազրկման էր դատապարտել Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթին, որը հանցագործության պահին 17 տարեկան էր: Մեկ տարի անց սպանությունը կազմակերպելու և հրահրելու համար ցմահ ազատազրկման էր  դատապարտվել Յասին Հայալը: Հետագա տարիներին գործը վերաբացվել էր՝ ներգրավելով նոր կասկածյալների: 2021թ. մարտի 26-ին դատապարտվածները Ոստիկանության հետախուզության նախկին ղեկավարներից Ալի Ֆուաթ Յըլմազերն է, որն ազատազրկման է դատապարտվել առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության, և ոստիկանության մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա՝ Ռամազան Աքյուրեքը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Դինքի սպանության համար ներգրավված է եղել ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը, որը Թուրքիայում կոչվում է FETO և համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Հեռակա կարգով  մեղադրանքներ են ներկայացվել նաև Գյուլենի դեմ, որն ապրում է ԱՄՆ-ում:

Գյուլենին Անկարան մեղադրում է 2016-ի հուլիսին հեղաշրջման փորձ կազմակերպելու համար: