Անիծվի նա, ով Հայաստանը նախկինների և ներկաների բաժանեց․ Ռազմիկ Դավոյան

82

Հայ ժողովուրդը երկրորդ և երրորդ նախագահներին՝ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին պետք է խնդրի «վերադառնալ երկիրը վերակառուցելու»։ Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը։

«Հայ ժողովուրդը երկու զորավոր անհատների՝ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, որոնք սքանչելի փորձառություն ձեռք բերեցին իրենց ղեկավարման տարիներին, պետք է իրենց պատվից վերև չհարամարի, գնա և խնդրի, որ նրանք վերադառնան երկիրը վերակառուցելու։ Նա գրոհելով եկավ պետականության բջիջի վրա, որի վրա աշխատում էին երկու խոշոր անհատներ՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը և սկսեց այդ բջիջը մասնատել։ Մեր երկրորդ և երրորդ նախագահները մեծ անելիք ունեն։ Ռոբերտ Քոչարյանը, ոչ թե անտեղի համարձակություն է ձեռք բերում, այլ իր փորձառությունը դրել է սեղանին և ասում է՝ ժողովուրդ դուք մտածեք, որ ես վերադառնամ, և այն պետականության սաղմը, որը դրվել է, թույլ չտամ, որ վերջանականապես թաղվի ճահիճի մեջ»,- ասաց Ռազմիկ Դավոյանը։

Ռազմիկ Դավոյանի խոսքով՝ Օնիկ Գասպարյանը և գեներալները շատ քաջ էին իրենց հայտարարության մեջ, սակայն անցավ ժամանակ, և իրենք չզգացին ժողովրդի աջակցությունը։

«Օնիկ Գասպարյանը չտեսավ, որ 40-50 հազար հոգին, որոնք հավաքվում էին հրապարակում, և կուսակցական առաջնորդները՝ Վազգեն Մանուկյանի հետ չգնացին և չպաշարեցին Գլխավոր շտաբը, որպեսզի ասեին, որ Օնիկ Գասպարյանը Սահմանադրությամբ մեր անվտանգության երաշխավորն եք։ Նրանք գնացին, էս մեկի լեզուն էլ չերկարեց։ Բայց ես կարծում եմ՝ սա ավարտը չէ»,-նշեց Դավոյանը։

Ռազմիկ Դավոյանի կարծիքով՝ երրորդ անկախության հանրապետության սաղմի վրա թուրքական հորդանների պես հարձակվեց հորդա, որը կազմավորվել էր մեր ներսում՝ դավաճանական հենքի վրա։

«Ժողովրդի խաբվածությունը շատ ցավալի իրականություն է։ Անիծյալ լինի հայաստանցիների և արցախցիների միջև սեպ խրողը։ Եվ անիծվի նա, ով Հայաստանը նախկինների և ներկաների բաժանեց։ Այնքան բաներ կան, երբ  անհատ խաբվում է, բայց հետո գլուխը բարձրացնում է, ասում՝ ես խաբվել եմ։ Ես ուզում եմ, որ դա մեր ժողովուրդն ասի։ Հայը, որտեղ էլ բնակվի, երբեք չպետք է մոռանա, որ Արցախը թե հայկական է, այլ հայերինն է։ Որ Նախիջևանը, Վանը, Էրզրումը, Մասիսը հայերինն են։ Հայի հիշողությունը երբեք չպետք է անջատի, հիշողությունը հզոր ուժ է։ Մենք, եթե մոռանում ենք, թուլանում ենք»,- ընդգծեց Ռազմիկ Դավոյանը։

Ըստ Ռազմիկ Դավոյանի՝ Մեր ողբերգության գլխավոր պահապանը Ոստիկանությունը և Գլխավոր դատախազությունն է․ «Իրենք նույնպես կլինեն այն նզովյալների շարքում, ինչպես մնացածը, որոնք կարող են մոռանալ, որ Արցախը և Նախիջևանը հայերինն է»։

Ռազմիկ Դավոյանի խոսքով՝ հայ ժողովուրդն այժմ պետք է միասնական լինի, քանի որ ետևում ոչ միայն կորսված հայրենքի է, այլ նաև կորսված սերունդ։

«Նրանք 20 տարեկան իսկական հերոսության պատրաստ խենթեր են։ Այ այդ տեսակ կռիվ են տվել։ Ես միացել եմ Պարգև Սրբազան նզովքին՝ Աստված քանդի նրանց օջախը, ովքեր քանդեցին իմ 5 հազար երիտասարդների օջախը»,- ավելացրեց Դավոյանը։