Պատերազմը դադարեցնելու քննարկում առաջին անգամ եղել է հոկտեմբերի 19-ին․ ԱԽ քարտուղար

77

Պատերազմը դադարեցնելու քննարկումն առաջին անգամ եղել է հոկտեմբերի 19-ի Անվտանգության խորհրդի նիստում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հենց այդ նիստում է հնչել այն միտքը, որ մեր կարողություններն այլևս չեն ձգելու և պետք է պատերազմը դադարեցնենք։ ԱԽ նիստին մասնակցում էին նաև ընդդիմադիր խմբակցության ղեկավարները։ Հենց այդ անվտանգության խորհրդի նիստում է քննարկվել»,-ասաց Արմեն Գրիգորյանը։

Հարցին՝ ինչու՞ են Օնիկ Գասպարյանի՝ վարչապետի հրաժարականը պահանջող հայտարարությունից հետո միայն ասել, որ վերջինս պատերազմի չորրորդ օրը պատերազմը դադարեցնելու կոչ չի արել, ԱԽ քարտուղարն ասաց․ «Մենք ոչ թե դա հայտարարել ենք, երբ հրաժարական է պահանջել, այլ երբ աշխատանքից ազատվել է։ Այստեղ տարբերությունը մեծ է։ Այնպես չէ, որ ինքը հայտարարել է և դրան ի պատասխան ենք ասել։ Հաշվի առնվելով ներքաղաքական վիճակը, ընդհանուր անվտանգային միջավայրը, գտել ենք, որ ավելի լավ էկենտրոնանալ աշխատանքների վրա, բանակի բարեփոխումների վրա, քան այդ հարցերի վրա»,-նշեց Արմեն Գրիգորյանը։

Դիտարկմանը, որ պատերազմը կանգնեցնելու կոչ է արել նաև ՌԴ նախագահը, ի վերջո ինչու չկանգնեցվեց այն, ԱԽ քարտուղարն ասաց․

«Պատերազմը դադարեցնելու երեք հրապարակային գործողություն եղել է, և այն չի դադարել ոչ թե մեր որոշումների պատճառով, այլ որ դրան ինտենսիվ մասնակցություն ուներ Թուրքիան, Ադրբեջանը, ահաբեկիչների խումբը և այդ իսկ պատճառով պատերազմը շարունակվում էր։ Պատերազմի դադարեցումը միակողմանի գործողություն չէ»,-նշեց ԱԽ քարտուղարը։

Հարցին՝ իր համար Շուշին հայկակա՞ն քաղաք է, Արմեն Գրիգորյանն ասաց, որ այն հայկական է։

Աղբյուր` Փաստինֆո