Նախագծվում է արցախյան երեք պատերազմները խորհրդանշող հուշարձանախումբ․ Ալբերտը հավաքական կերպարներից մեկն է

90

Yerkir.am

Մինչ ազգի նկատմամբ պատասխանատվությունն ու խիղճը կորցրած պատկան մարմինները քաղաքական գզվռտոցների մեջ են,  կան մարդիկ, որոնք լուռ, առանց ավելորդ աղմուկի, Արցախյան պատերազմում հերոսաբար ընկած տղաներին հավերժացնելու ուղիներ են փնտրում։ Երբ հոկտեմբերի 8-ին տարածվեց հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի մահվան բոթը, Էդուարդն ինքն իրեն խոստացավ՝ հերոսաբար ընկած տղերքի անուններն անմահացնելու գործին է տրվելու։  

«Հուշարձան կանգնեցնելու միտք հղացավ։ Ուղենիշ դարձավ Ալբերտի կերպարը, որն իր մեջ ամփոփում է 2020 թ․ Արցախյան պատերազմում անմնացորդ եւ հերոսաբար կռված հայ մարտիկների հզոր ոգին։ Ալբերտի ծնողից՝ Արտակ Հովհաննիսյանից, թույլտվություն, համաձայնություն եւ օրհնություն ստանալուց հետո ընտրեցի քանդակագործին։ Որոշեցինք ստեղծել հավաքական հուշակոթող․ Արցախյան երեք պատերազմները՝ մեկ հուշարձանախմբում»,- ներկայացրեց նախաձեռնության հեղինակ Էդուարդ Խուդոյանը։

Մտահղացումն այս պահին մարմնավորում է ստանում քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի արվեստանոցում։ Գիպսե մակետն արդեն պատրաստ է։ 4 մետր բարձրությամբ, 3 մետր երկարությամբ հավաքական հուշարձանախմբում կան հիմնական եւ երկրորդական կերպարներ։ 3 հիմնական կերպարներից մեկն Ալբերտն է, մյուս երկու հերոսների անունները դեռ հայտնի չեն։

«Հիմնական կերպարների ընտրությունը պատահական չէ, նրանք արտացոլելու են Արցախյան երեք պատերազմները։ Երկրորդական կերպարներն այնպես պիտի կերտվեն, որ որդի կորցրած յուրաքանչյուր ծնող գտնի իր երեխային այդ հուշարձանախմբում։ Տեղադրման վայրը դեռեւս հստակեցված չէ։ Ըստ ամենայնի՝ կլինի «Հաղթանակ» զբոսայգում։ Տեղի ընտրությունը սկզբունքային է։ Պետք է լինի այնպիսի մի վայր,  որ ծնողի հետ անցնող ցանկացած երեխա տեսնի եւ հարց տա՝ սա ի՞նչ արձան է, նրանք ովքե՞ր են»,- մանրամասնեց Էդուարդը՝ վստահեցնելով՝ մայրաքաղաքում առկա  բազմաթիվ հուշարձանների կողքին այս մեկը հաստատ ստվերում չի մնա։

Աջակցություն ստանալու համար որեւէ մեկին չի դիմել, թեև հուշարձանի մտահղացումն այնպիսին է, որ կառուցելու, ստեղծելու գործը միասնական ուժերով պետք է լինի։ «Յուրաքանչյուր ոք, ով համարում է, որ պարտք ունի տալու եւ գալիք սերունդներին դաստիարակելու գործում կցանկանա իր ներդրումն ունենալ, ես միայն ուրախ կլինեմ։ Բայց կա նաեւ աջակցողների այնպիսի շրջանակ, որոնց մասնակցությունը, ներգրավվածությունը, որպես նախաձեռնող, չեմ ընդունելու։ Այս նախաձեռնությունը որեւէ մեկի գովազդային հարթակը չէ։ Գովազդվելու համար կան այլ տարբերակներ, իսկ եթե մարդ կա, որ սրտանց ուզում է գործին աջակցել, դեմ չեմ»,- նշեց Էդուարդը։

Լիանա Սարգսյան