Հայաստանին է փոխանցվել ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) քառամսյա նախագահությունը

68

Մարտի 23-ին տեղի է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Անվտանգության համագործակցության ֆորումի ԱՄՆ նախագահության եզրափակիչ նիստը, որի ընթացքում ԱՄՆ-ն Հայաստանին փոխանցեց ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) քառամսյա նախագահությունը: Այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։

Նախագահության փոխանցման առիթով ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ԱՀՖ ԱՄՆ նախագահությանը գործադրված ջանքերի և համագործակցության համար: Դեսպան Պապիկյանը նշեց, որ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում խաղաղության ու անվտանգության ապահովումը պահանջում է համատեղ ջանքեր, կառուցողական ներգրավվածություն և երկխոսություն՝ որպես ուղենիշ սահմանելով ԵԱՀԿ հանձնառությունների անշեղ կատարումը: 

Խոսելով ԵԱՀԿ ԱՀՖ Հայաստանի նախագահության գերակայությունների մասին՝ դեսպան Արմեն Պապիկյանն առանձնացրել է սպառազինությունների վերահսկման, տարածաշրջանային անվտանգության այլ կազմակերպությունների հետ համագործակցության, վստահության և անվտանգության կառուցման միջոցների և ԵԱՀԿ ռազմաքաղաքական ոլորտի հանձնառությունների ու պարտավորությունների հետևողական իրագործման կարևորությունը:

Այդ համատեքստում նա ընդգծել է, որ ԵԱՀԿ հանձնառությունների և պարտավորությունների խախտումները հանգեցնում են միջազգային անվտանգության համակարգերի խարխլմանը, ռազմական ոլորտում կանխատեսելիության և թափանցիկության նվազմանը, որն իր հերթին ուղղակիորեն վտանգում է մարդու իրավունքները, մասնավորապես՝ կյանքի իրավունքը: Շեշտվել է, որ նման մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ԵԱՀԿ-ի և դրա կառույցների արձագանքման ներուժի ամբողջական և արդյունավետ կիրառում: 

ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանը ԵԱՀԿ ԱՀՖ նախագահելու է 2021 թ. ապրիլ-օգոստոս ամիսներին: