Երեխաները կարող են ձգտում ունենալ տեսնել Փաշինյանին, ինչպես ջայլամին, արջին ու առյուծին, բայց նրանց, որպես վտանգի աղբյուր, կենդանաբանական այգում առանձնացնում են ճաղավանդակներով. Սաղաթելյան

100

Նիկոլ Փաշինյանը ոչ մի վարկանիշ Հայաստանում  չունի եւ երբեք չի էլ ունեցել, – «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարել է ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը՝ նշելով, որ արտահերթ ընտրությունների ժամանակ նա չի հավաքի այն 30 տոկոսը, որը նրան նկարել ու տվել են սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքում։

Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանն այսօր առաջնորդվում է բացառապես անձնական վախով, ընդ որում ոչ այնքան իր ընտանիքի, այլ իր անձնական անվտանգության համար։ Դառնալով Փաշինյանի Արագածոտնում հնչեցրած հայտարարությանը, թե ինքը փախչող չէ՝ Ա.Սաղաթելյանն ընդգծել է, որ նա հենց փախչող տեսակ է՝ մատնանշելով  փախուստի մի քանի օրինակ։ Մասնավորապես՝ նա պատմել է, որ Փաշինյանի փախուստի է դիմել Գորիսում՝ լսելով ադրբեջանական ԱԹՍ-ի ձայնը ու բողոքել, որ օդը լավ չեն փակել։ Փախուստի էր դիմել 2020 թվականի նոյեմբերի 9-ին հայտնի փաստաթուղթն ստորագրելուց հետո  եւ բունկերներում ներվայն ջղաձգումներ էր անում։ «Այո, նա փախչող  է։ Այլ հարց, որ իր անձը, մտացածին մոտեցումները պաշտպանելու համար նա կարող է գնալ ցանկացած ստի , ցանկացած ստորության, ցանկացած քայլի»,- հայտարարել է Արա Սաղաթելյանը։

Անդրադառնալով ընդդիմության գործողություններին՝ Ա.Սաղաթելյանը նշել է, որ իր դիտարկումներով  մեր ընդդիմությունն ավելի շատ է մտածում երկրի վարկանիշի եւ ժողովրդի մասին , քան Փաշինյանը, եւ ընդդիմությունը դեռ հույս ունի, որ քաղաքական գործընթացներով կարող է հասնել նպատակներին։

«Ավելի քան վստահ եմ, որ ընտրությունների դեպքում նա կունենա կրիտիկական զանգված, Փաշինյանը չի հավաքի 30 տոկոսը, որը նրան նկարել տվել են սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքում։ Վստահ եմ, որ հասարակության գերիշխող մեծամասնությունը հասկանում է, որ մեր պրոբլեմների եւ մեր ապագայի տապալման միակ մեղավորն ու պատճառը Նիկոլ Փաշինյանն է»,- նշել է նա՝ ընդգծելով, որ այդ հարցի վերաբերյալ կա հանրային մեծ կոնսենսուս։

Լրագրողի հարցին ի պատասխան անդրադառնալով Արագածոտն մարզում  հանդիպումների ժամանակ դպրոցականների մասնակցությանը՝ Ա. Սաղաթելյանը դա անբարոյականություն է որակել։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ն. Փաշինյանը հանդիպմանը մասնակցել է զրահաբաճկոնով, այսինքն` իրեն զգուշացրել էին առավել վտանգի աղբյուր հանդիսանալու մասին, Բացի այդ՝ նրա անվտանգությունն ապահովում էին մեծաթիվ անվտանգության աշխատակիցներ, ինչպես նաեւ օպերատիվ աշխատողներ՝ քաղաքացիական հագուստով։

Ըստ նրա՝ գուցե արդարացված է եղել նման մտահոգությունը այն չարիքներից հետո, որոնք  գործել է Նիկոլ Փաշինյանը։ «Առնվազն 15-20 հազար ընտանիքի հասցրել է անուղղելի կորուստ եւ այդ ընտանիքից ցանկացած մարդ ցանկացած ազդեցությունների ներքո կարող է ցանկացած գործողություն ձեռնարկել Նիկոլի հանդեպ։ Բայց բերելով այնտեղ երեխաներին ու վտանգելով նրանց անվտանգությունը՝ դա անբարոյականության գագաթնակետն է»,- ընդգծել է բանախոսը։

Ինչ վերաբերում է կրթության նախարարի հայտարարությանը, թե երեխաները ցանկություն են հայտնել տեսնել  Փաշինյանին՝ Ա. Սաղաթելյանի նկատել է, որ  դա եւս մեկ անգամ վկայում է, որ կրթության ոլորտը չպետք է ղեկավարեն մարդիկ, որոնք մանկավարժական գիտելիքներից զուրկ են ու ընդգծել, որ դա հակամանկավարժական ձգտում է։

«Այո, երեխաները կարող են ձգտում ունենալ տեսնել Նիկոլ Փաշինյանին, կարող են ձգտել տեսնել ջայլամին, արջին ու առյուծին, բայց, քանի որ ջայլամը, առյուծն ու արջը առավել վտանգի աղբյուր են կենդանաբանական այգում նրանց առանձնացնում են ճաղավանդակներով»,- նշել է նա ու ավելացրել, որ եթե երեխաները մեծ ցանկություն ունեին հանդիպել Փաշինյանի հետ, ապա դա կարող էին կազմակերպել փակ դահլիճում՝ ապահովելով անվտանգության պայմանները։

«Երեխաներին դարձնել կենդանի վահան՝ դա ազնիվ չէ»,- նշել է նա։