Ինչո՞ւ է Արցախի տարածքում մշտադիտարկումն իրականացվում հարվածային ԱԹՍ-ներով․ Տիգրան Աբրահամյան

97

Ի տարբերություն ռուսական կողմի, որը ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի աշխատանքների շրջանակներում, օդից մշտադիտարկումներն իրականացնում է հետախուզական «Форпост» և «Орлан-10» անօդաչու թռչող սարքերի միջոցով, Թուրքիան ծառայության իր մասն իրականացնում է հարվածային՝ «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։

Ճիշտ է՝ թուրքական ԱԹՍ-ն ֆունկցիոնալ առումով նաև հետախուզություն իրականացնելու հնարավորություն ունի, սակայն ամեն դեպքում, խաղաղ բնակավայրերում հարվածային ԱԹՍ-ներով ծառայությունն արդեն իսկ բազմաթիվ հարցերի և մտահոգությունների տեղիք է տալիս։Ի դեպ, նախնական բանակցություններում խոսք էր գնում ոչ միայն օդից, այլ նաև Արցախի տարածքում մոնիթորինգի իրականացման մասին՝ պարեկային ստորաբաժանումների միջոցով, ինչին, կարծես, ընդդիմանում էր ՌԴ-ն, իսկ թե վերջնական առումով ինչ որոշում է կայացվել՝ չի ընդունվել, հետաձգվել է, թե առկախվել, դեռ հստակ տեղեկատվություն չկա։

Սակայն թուրքական պարեկային մեքենաների՝ հնարավոր ներկայությունը կամ հայտնվելը Արցախի տարածքում, էականորեն կմեծացնի լարվածությունը, եթե նույնիսկ դրանք իրենց տեղաշարժերն իրականացնեն ռուսական կողմի հետ համատեղ։ Չնայած արտաքինից Ադրբեջանն այդ կենտրոնում որևէ իրավասություն չունի, միայն տրամադրել է կենտրոնի տարածքն ու դրա ընդհանուր պահպանությունն է իրականացնում, սակայն Թուրքիայի հետ ռազմական խորը համագործակցության պարագայում ակնհայտ է, որ լիարժեքորեն օգտվում է մշտադիտարկումից ստացվող ողջ տեղեկատվությունից։

Իսկ դա տեղեկատվություն է Արցախի ներսում ցանկացած տեղաշարժերի, այդ թվում՝ զինված ուժերի, ինչպես նաև՝ ուղիղ վերահսկողություն Արցախում գաղտնիության բնույթ կրող ցանկացած օբյեկտի կամ Թուրքիային ու Ադրբեջանին հետաքրքրող անձանց նկատմամբ։