Զենքի համաշխարհային առևտրի վերջին 5 տարիների տվյալները. խոշոր ներկրողներ. մաս 2

212

Տես՝ Մաս 1

2016-2020 թվականներին զենքի համաշխարհային առևտրի մեջ 10 խոշոր ներկրողների մասնաբաժինն այսպիսի տեսք ունի՝ Սաուդյան Արաբիա- 11%, Հնդկաստան- 9,5%, Եգիպտոս- 5,8%, Ավստրալիա- 5,1%, Չինաստան- 4,7%, Ալժիր- 4,3% , Հարավային Կորեա- 4,3%, Կատար- 3,8%, ԱՄԷ- 3%, Պակիստան- 2,7%, այլ երկրներ- 45%:

Զենքերի մեծ մասն արտահանվել է Մերձավոր Արևելք: Վերջին հինգ տարվա ընթացքում այս տարածաշրջանում զենքի հիմնական տեսակների ներկրման ծավալների տեսակարար կշիռը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 25%-ով: Սա Պարսից ծոցի մի քանի պետությունների շրջանում սպառազինության ձեռքբերման մրցակցության արտացոլումն է։

Սաուդյան Արաբիան վերջին հինգ տարվա ընթացքում զենքի գնումներն ավելացրել է 61%-ով։ Այս երկիր զենքի հիմնական մատակարարներն են ԱՄՆ-ն (79%), Մեծ Բրիտանիան (9,3%) և Ֆրանսիան (4%):

Կատարը զենքի և ռազմական տեխնիկայի ներմուծումն ավելացրել է 361%-ով։ Պարսից ծոցի այս միապետության զենքի հիմնական մատակարարներն են ԱՄՆ-ն (47%), Ֆրանսիան (38%) և Գերմանիան (7,5%):

Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից զենքի ներմուծումը կրճատվել է 37% -ով, սակայն զենքի ներկրման մի քանի խոշոր պայմանագրեր, այդ թվում՝ 2020 թվականին ստորագրած 50 հատ ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչների գնման վերաբերյալ պայմանագիրը, հիմք են տալիս ենթադրելու, որ առաջիկա հինգ տարում երկիրը կավելացնի զենքի ներկրման ծավալները։

Վերջին 10 տարիների ընթացքում Եգիպտոսը 136%-ով ավելացրել է զենքի գնումները: Միջերկրական ծովի արևելքում ածխաջրածնային ռեսուրսների զարգացման գործում մրցելով Թուրքիայի հետ՝ Եգիպտոսը մեծ ներդրումներ է կատարել իր նավատորմը հզորացնելու համար։ Այս երկիր զենքի հիմնական մատակարարներն են Ռուսաստանը (41%), Ֆրանսիան (28%) և ԱՄՆ-ն (8,7%):

2011-2020 թվականներին զենքի ներմուծումը Թուրքիա նվազել է 59% -ով։ Նվազումը որոշակիորեն պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգ ձեռք բերելուց հետո՝ 2019 թվականին, ԱՄՆ-ն հրաժարվել էր Թուրքիային վաճառել նախատեսվող 5-րդ սերնդի F-35 կործանիչները։ Զենքի և ռազմական տեխնիկայի ներկրումից կախվածությունը նվազեցնելու համար Թուրքիան այժմ մեծացնում զենքի հիմնական տեսակների ներքին արտադրությունը: Թուրքիային զենք մատակարարող հիմնական երկրներն են ԱՄՆ-ն (29%), Իտալիան (27%) և Իսպանիան (21%):

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ ԱՄՆ-ից զենքի մատակարարումների ծավալի անկումը դեռևս չի նշանակում, որ Թուրքիան դադարել է լինել ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրի երրորդ խոշորագույն գործընկերը։

2016-2020 թվականներին Հայաստանի և Ադրբեջանի կողմից զենքի ներմուծումը կազմել է համաշխարհային մատակարարումների ընդամենը 0.3 և 0.7%-ը։

Անցած հինգ տարում Հայաստան ներմուծված զենքի ու ռազմական տեխնիկայի 94%-ը ստացվել է Ռուսաստանից: Դրանք ներառել են հակաօդային պաշտպանության համակարգեր, մարտական ​​ինքնաթիռներ, բալիստիկ հրթիռներ և հրետանի: 2016-2020 թվականներին Ադրբեջանի կողմից զենքի ներկրումը շուրջ 2,5 անգամ ավելին է եղել, քան Հայաստանում: Իսրայելի կողմից Ադրբեջանին մատակարարված զենքի ու ռազմական տեխնիկայի ծավալը կազմել է 69%, Ռուսաստանը` 17%: Ադրբեջանը Իսրայելից ձեռք է բերել հիմնականում անօդաչու թռչող սարքեր, բալիստիկ հրթիռներ, մինչդեռ Ռուսաստանը Բաքվին մատակարարել է հիմնականում զրահամեքենաներ ու հրետանի:

Աղբյուրը՝ gazeta․ru

Առավել մանրամասն՝ SIPRI-ի հրապարակած զեկույցում։

https://sipri.org/sites/default/files/2021-03/fs_2103_at_2020.pdf