Դատավոր Լիանա Հակոբյանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանի հայցադիմումը.փաստաբանը կբողոքարկի այն

164

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ, վերադարձրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի։ 

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։

Առաջին հայցով արձանագրել են, որ եթե նույնիսկ Սահմանադրությունը թույլ է տալիս ազատել ԳՇ պետին, ապա հիմնավորել են, որ ազատումը եղել է անօրինական, որովհետև կամայականության արդյունք է եղել, պատճառաբանված վարչական ակտ չի կայացվել։

Երկրորդ հայցը վերաբերում է ակտն առոչինչ ճանաչելուն՝ հաշվի առնելով, որ Սահմանադրությունը լիազորություն չի տալիս նախագահին՝ ԳՇ պետին պաշտոնից ազատելու և նա պետք է պաշտոնավարի օրենքով սահմանված ժամկետում, հետևաբար՝ այն ընդունված է համարվելու ոչ իրավաչափ մարմնի կողմից, չունի օրինական ուժ և ենթակա չէ կատարման։

Երրորրդ հայցը վերաբերում է իրավահարաբերություններին, մասնավորապես, հայցվորը խնդրել է դատարանին՝ ճանաչման հայցի շրջանակներում ճանաչել Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու իրավահարաբերության բացակայությունը։ Առաջին երկու հայցադիմումները մակագրվել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, իսկ երրորդ հայցադիմումը՝ դատավոր Լիանա Հակոբյանին։ Վերջինս մարտի 22-ին որոշել է հայցադիմումը վերադարձնել։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Գասպարյանի փաստաբանական խմբի անդամ Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են բողոքարկել հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը։

Նշենք, որ ավելի վաղ՝ մարտի 15-ին, դատավոր Մհեր Պետրոսյանը եւս վերադարձրել էր Օնիկ Գասպարյանին հայցադիմումներից մեկը, որի դեմ վերաքննիչ բողոք արդեն ներկայացվել է։

Նույն դատարանը՝ Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել 3-րդ հայցադիմումը, որով նաեւ բավարարվել է հայցի ապահովման միջոց իրառելու մասին միջնորդությունը։

Աղբյուր` Փաստինֆո