Դատավորը չպետք է առավոտյան պատմուճանը հագնի և արդարադատություն իրականացնի, երեկոյան՝ պատմուճանը հանի և քաղաքականությամբ զբաղվի. Կոնջորյան

83

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը խմբակցության անունից իր ելույթում անդրադարձավ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Հայկյանցի ելույթին՝ նշելով, որ և՛ առաջին քննարկմանը, և՛ այսօրվա քննարկմանը որևէ անձնական նկատառում չի եղել որևէ թեկնածուի նկատմամբ:

«Ցանկանում եմ նշել, որ որևէ թեկնածուի ընտրության դեպքում պատգամավորների անձնական կապերը և նրանց ճանաչել-չճանաչելը որևէ ազդեցություն չեն ունենում ընտրության վրա: Մենք կարող ենք անձնապես ճանաչել այս կամ այն թեկնածուին, բայց բացառապես առաջնորդվելու ենք նրանց մասնագիտական ունակություններով»,- նշեց պատգամավորը:

Կոնջորյանը հավելեց, որ պատգամավորները հարցերը տալիս են ոչ թե իրենց, այլ հանրության, ընտրողների, ժողովրդի անունից, այնինչ Հայկյանցը հրաժարվում է պատասխանել հարցերին, որոնցով հանրությանը պետք է ներկայացնեն վստահության մակարդակը։

«Մի առիթով ասել եմ ԱԺ-ն մասնագիտական քննության հանձնաժողով չէ, ԱԺ-ն ներկայացուցչական և քաղաքական մարմին է, պատգամավորները քաղաքական գործիչներ են և տալիս են այն հարցերը, որոնք հետաքրքրում են

Հանրությանը և հանդիսանում նաև խորհրդարանի լեգիտիմության հիմքը , որը ձեզ էլ պետք է օժտի լեգիտիմությամբ։ Այս պատճառներով է եղել, որ մենք Ռուբեն Վարդազարյանին տվել ենք այն հարցերը, այն քննադատությունները, որոնք տեղ են գտել մեր հանրության մեջ, որևէ ընթացակարգ չի խախտվել, իրականացրել ենք խորհրդարանի պատշաճ լիազորությունները»։

Պատգամավորը եզրափակեց՝ դատավորը պետք է մնա իր բարձր դիրքում.

«Դատավորը չպետք է առավոտյան իր պատմուճանը հագնի և արդարադատություն իրականացնի, իսկ երեկոյան պատմուճանը հանի և քաղաքականությամբ զբաղվի՝ դա է արել Ռուբեն Վարդազարյանը և դա խորը հետք է թողել դատական համակարգի վրա»։

Աղբյուր` Փաստինֆո