«Ո´Չ, ԴՈՒ ՉԵՍ ՄԵՌԵԼ…»

131

Թանգարանում ցուցադրվում է Ավ. Իսահակյանի ձեռագիր բանաստեղծությունը` նվիրված իր սիրելի ընկերոջը` Վահան Տերյանին. «Ո´չ, դու չես մեռել…»
1904 թվականին` մարտին, Իսահակյանն առաջին անգամ եղել է Մոսկվայում և Լազարյան ճեմարանում ծանոթացել Վահան Տերյանի հետ:
Հանդիպման ժամանակ ճեմարանցիները շրջապատել են Իսահակյանին, իսկ Տերյանը լուռ և անխոս կանգնել է հեռու և նայել «Երգեր ու վերքերի» հեղինակին: Հետագայում նրանք բազմիցս հանդիպել են, մտերմացել:
1909 թ. ամռանը Վ. Տերյանը հյուրընկալվել է Ալեքպոլում: «…մի քանի օր հյուր մնալով` կարդաց իր նոր գրած «Ոսկի հեքիաթ» շարքը: Ես էլ գրել էի «Աբու Լալա Մահարին», ցույց տվի նրան, հավանեց և մի քանի նկատողություններ արավ: Նրա խորհրդով նախերգանքի մեջ, Մահարու հակիրճ կենսագրությունում, փոփոխություն մտցրի, որ մինչև այսօր էլ չգիտեմ լավ արեցի, թե վատ: Գրել էի այսպես. «…Եվ մի գիշեր, երբ շատ լքված էր նա և սրտաբեկ, դուրս հանեց երևակայության միջից քաջագնաց ուղտերի մի քարավան` ընտիր սարքով, և մինչ Բաղդադը քուն էր մտել Տիգրիսի նոճիածածկ ափերի վրա-գաղտնի հեռացավ քաղաքից…»: Վահանը գտավ, որ սա շատ անիրական կթվա, շատ անհամոզիչ: Եվ ուրեմն, իբրև թե ավելի համոզիչ կլինի, եթե Մահարին իրական քարավան ունենա: Այդ նկատողությունն այն ժամանակ խելքիս նստեց և փոխելով`նախերգանքին տվի այն ձևը, ինչ որ այնուհետև հայտնի է հասարակությանը»:
Թանգարանի մշտական ցուցադրության համապատասխան ստենդում տեղ են գտել այս դիպվածների հետ կապված ձեռագրեր, լուսանկարներ, գրքեր: