ՀՓՇ-ն Բաղրամյան պողոտան կբացի․ Դեմիրճյան փողոցում Շարժման շտաբ կլինի

106

Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ 

«Հայրենակիցնե՛ր, 

Արդեն տևական ժամանակ է՝ Հայրենիքի փրկության շարժումը տարատեսակ բողոքների և քաղաքացիական անհնազանդության ակցիաների, հանրահավաքների, իրավական և քաղաքական այլ միջոցներով պայքարում է մեր երկիրն աղետի հասցրած իշխանության դեմ։ 
Այս ընթացքում մեզ հաջողվել է ձևավորել հանրային լայն համախմբում վարչապետի աթոռին կառչած անձի հեռացման պահանջի շուրջ։ Վարչախումբը թեև դանդաղ, սակայն հանրային լայն ճնշման ազդեցության տակ տեղի է տալիս:

Հասարակության և քաղաքական բոլոր ուժերի համար արդեն ակնհայտ է, որ առանց առկա ճգնաժամի հանգուցալուծման՝ հնարավոր չէ Հայաստանի զարգացումը, ավելին՝ վտանգի տակ են երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Միաժամանակ ակնհայտ է, որ շարունակական պայքարի գործելաոճը որոշակի անհարմարություններ է ստեղծում քաղաքացիների համար, որն ամենևին Շարժման նպատակը չէ:

Ելնելով վերը նշվածից՝ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը պայքարի ներկա շրջափուլում որոշել է. 

1. Սկսել քաղաքական ակցիաների նոր ալիք՝ ընդլայնելով գործողությունների աշխարհագրությունն ու մարզերի բնակչության ընդգրկվածությունը: 

2. Հանրային ճնշման պահպանման և Շարժման հետագա գործողությունների համակարգման նպատակով Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանային ճամբարը հայտարարել Շարժման շտաբ: 

3. Վերականգնել Բաղրամյան պողոտայով ազատ տեղաշարժը՝ վերացնելով քաղաքացիների համար ստեղծված անհարմարությունը: 

Շարժման հետագա անելիքները ներկայացնելու համար մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներում հրավիրվում է համապետական հանրահավաք:

Հայրենակիցնե՛ր,

Մեր նպատակն ու օրակարգն անփոփոխ են: 

Պայքարելու ենք և հաղթենք»: