Փաշինյանի օգնականի կողմից Ռուբեն Հայրապետյանի գործով ապօրինի միջամտության փաստի առթիվ ԱԱԾ-ն դեռ գործ չի հարուցվել. դրանով կարող է զբաղվեն ՌԴ իրավապահները

70

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործով Նիկոլ Փաշինյանի՝ իրավական գծով օգնական Աննա Վարդապետյանի կողմից հնարավոր ապօրինի միջամտության փաստերի առթիվ քրեական գործ դեռ չի հարուցվել, սակայն նյութերի նախապատրաստման 10-օրյա ժամկետն արդեն սպառվում է։ Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դեռևս որևէ փաստաթուղթ չի ստացել՝ քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու մասին։ Փաստաբանը նաև տեղեկություն չունի՝ արդյոք նյութերի նախապատրաստման ժամկետը երկարացվել է, թե ոչ, սակայն նշեց, որ չի կարծում, որ դրա անհրաժեշտությունը կլինի։

Փաստաբանի խոսքով՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեպքում ստիպված է լինելու այս խայտառակության վերաբերյալ այլ երկրի՝ ՌԴ իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնելու։

«Անկեղծ ասած՝ մենք չենք ուզում այդպիսի քայլ անել, քանի որ համոզված ենք, որ այդ նամակագրությունը կարող է այնպիսի տեղեկություններ պարունակել, որ ցանկալի չլինի օտար իրավապահ մարմինների կողմից աչքի անցկացնելը, բայց եթե ապօրինությունը հասնի այն աստիճանի, որ կոծկվի այդ հանցագործության դեպքը, ստիպված կլինենք դա անել և կանենք անպայման»,- նշեց Մակինյանը՝ հավելելով, որ բոլոր հարցերի հետևից գնալու են մինչև վերջ։

Մակինյանը նաև չի բացառում, որ ՌԴ իրավապահ մարմիններին դիմելու դեպքում Փաշինյանի օգնականի՝ Աննա Վարդապետյանի նկատմամբ հետախուզում կհայտարարվի։

Հիշեցնենք, որ աղմկահարույց տեսանյութը, որով ապացուցվում է, որ Աննա Վարդապետյանի հետ համաձայնեցվել են մեղադրանքի որոշումները, ավելին՝ նա իրեն իրավունք է վերապահել խմբագրել ու ցուցումներ տալ քննիչին, թե ինչ մեղադրանք առաջադրի Հայրապետյաններին, տարածվել է մարտի 10-ին։ Մարտի 11-ին դատախազությունը հայտարարեց, որ մամուլի հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ՝ նյութեր նախապատրաստելու, մինչդեռ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնատար անձանց, իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից առերեւույթ կատարված հանցագործության դեպքերով նախաքննության կատարումը վերապահված է հատուկ քննչական ծառայությանը եւ ոչ թե ԱԱԾ-ին։ Նկատենք, որ մասնագիտական համայնքում առկա են մտավախություններ առ այն, որ ԱԱԾ-ում քրեական գործը ցանկանում են հարուցել ոչ թե Վարդապետյանի կողմից առերևույթ արդարադատությանը խոչընդոտելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով, այլ՝ ինֆորմացիայի արտահոսքի վերաբերյալ, ինչի մասին վկայում է նաև այն հանգամանքը, որ գործն ուղարկվել է ոչ թե ՀՔԾ, այլ՝ ԱԱԾ։

Ավելին՝ ՔԿ-ն եւս ծառայողական քննություն չի նշանակել, վարչապետի օգնականից հանձնարարություններ ստացած քննիչի լիազորությունները չեն կասեցվել, փոխարենը՝ վերջինս զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ իր անձնական էլեկտրոնային փոստին ապօրինի հասանելիություն են ստացել և ներբեռնել տեղեկություններ։

Փաստինֆո