Պուտինի ջանքերի շնորհիվ սահմանային վանքերի անվտանգությունն ապահովված է․ Գարեգին Բ

46

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր Մայր աթոռում ընդունել է 1921 թ․ մոսկովյան պայմանագրի 100-ամյակի առիթով հրավիրված կլոր սեղան-քննարկման մասնակիցներին։ Ներկա են եղել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ռուսաստանցի մի շարք առաջատար մասնագետներ։ Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ՝ վեհափառն իր գոհունակությունն է հայտնել այս նախաձեռնության կազմակերպման առիթով։ Նա ընդգծել է նման պատմական իրադարձությունների համատեղ վերարծարծման կարևորությունը, ինչը նաև նպաստում է երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների և փոխգործակցության առավել սերտացմանը:

«Անդրադարձ կատարելով արցախյան պատերազմին՝ Նորին Սրբությունը ներկայացրեց պատճառված վնասները, խոսեց հայրենիքի կորստյան ցավի և առկա մարտահրավերների, միջազգային հանրության արձագանքի մասին։ Այս կապակցությամբ Հայոց Հովվապետն իր գնահատանքը հայտնեց ՌԴ իշխանությունների կողմից պատերազմական գործողությունների կասեցման և տարածաշրջանում խաղաղության վերահաստատման գործում ներդրած ջանքերի առնչությամբ՝ Արցախի շուրջ առկա խնդիրների հանգուցալուծման համար անհրաժեշտ նկատելով բանակցային գործընթացի վերականգնումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայրապետը տեղեկացրել է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ Դադիվանքի հոգևոր կյանքի ու սահմանամերձ վանքերի անվտանգության ապահովումը։ Ամենայն հայոց կաթողիկոսն անդրադարձել է նաև գրավված և հանձնված տարածքներում Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական պատմական հոգևոր-մշակութային ժառանգության հանդեպ որդեգրված քաղաքականությանը, մասնավորապես՝ պատմական հուշարձանների և սրբավայրերի ավերման, անարգման ու պղծման, հայկական ինքնության ոչնչացման դեպքերին։ Նա հույս է հայտնել, որ այդ քայլերը կարժանանան միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի պատշաճ գնահատականին։

Հանդիպման վերջում կաթողիկոսը պատասխանել է հյուրերի հարցերին, որոնք վերաբերել են նաև Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ Մայր աթոռի կողմից ձեռնարկվող քայլերին ու Հայաստանում ներքաղաքական կյանքի զարգացումներին։https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Finfoservicesofmothersee%2Fposts%2F1610392395819392&width=500&show_text=true&appId=2479570995601690&height=828