Նրանք խեղված երազանքներ ունեն

376

Կանչո՜ւմ է նա ինձ…
Առաջին անգամ այնտեղ եմ առել 
Ես հոտը հացի ու համը աղի…

Վ. Դավթյան

Եթե սպասեի ևս 5 օր, ապա պատերազմի առաջին օրից անցած կլիներ ուղիղ 6 ամիս, իսկ 4 ամիս և 12 օր՝ ավարտից:

Որոշները  այդ 4 ամիսների ընթացում՝ հին կյանքին վերադառնալու փորձեր արեցին: Մի մասի մոտ հաջողված էին այդ փորձերը, մի մասի մոտ՝ մասամբ, իսկ մնացածների մոտ՝ այդպես էլ չստացվեց:

Բայց անցած 4 ամիսների ընթացքում մի բան կար, որ դարձել էր մարդկանց առօրեայի անբաժան մասը՝ արցախահայերի քննադատությունը:
Իհարկե, արցախցիների մի չնչին մաս կար, որոնք տարօրինակ անտարբերությա,բ էին լցված՝  հայրենիքի ճակատագրի նկատմամբ, բայց դա իրենց գործն է: Իսկ ինչ վերաբերում է իսկական արցախցուն՝ իսկական հային, ովքեր զրկվեցին իրենց ծննդավայրից, տնից, կյանքի հանդեպ հավատից, նրանց քննադատողները, մեղմ ասած, հոգեբանաբարոյական խրատների աջակցության կարիք ունեն:

Այսօր էլ, սոցցանցերից մեկում հանդիպեց մի տեսանյութ, որում արցախցին իր տանից «գողանում» էր հնարավոր այն ամենը, ինչը կհասցներ ու վերջում, այրում՝ տարիների ընթացքում իր քրտինքով ստեղծածը:

Եկե՛ք մի պահ, մենք՝ ինքներս մեզ պատկերացնենք այդ կարգավիճակում: Ունենք մի քանի ժամ և պիտի լքենք մեր տունը ու թե ուր ենք գնալու, որտեղ պիտի ապրենք՝ Աստված գիտի: Ինչ կվերցնենք մեր հետ, ինչը կթողենք, ինչ ապրումներով կլքենք այն տունը, որտեղ մեծացել ենք, որի բակում խաղացել ենք, որից մեր ծնողները մեզ դպրոց են ճանապարհել: Յուրաքանչյուրս իրենց տան ամեն անկյունի հետ կապված հիշողությունների ունի, տան ամեն քարը հարազատ է:
Ի վերջո, մեր հայրենի տունը մեր հարազատն է, այնտեղ ենք անցկացրել մեր լավ ու վատ, երջանիկ ու տխուր օրերը:
Ու՞ր պիտի հասցնես մարդուն, որ իր հարազատին թողնի թշնամուն: Ի՞նչ վիճակում պիտի լինի մարդ, որ լավագույն տարբերակը սեփական տունը այրելը լինի:

Այդ «քննադատները»՝ իրենց տաքուկ տներում նստած, քննադատում են այս տարաբախտ մարդկանց, պատկերացում իսկ չունենալով այդ մարդկանց խեղված նպատակների ու երազանքների մասին:

Այն բոլոր երեխաների, ում հայացքում է կարոտն առ հայրենի տուն, այդ կարոտով հայացքների համար, բոլոր մեղավորները պատասխան են տալու: Աստծո նախախնամությամբ, մի օր նրանք էլ կհայտնվեն այդ կարգավիճակում ու իրենց տան ամեն անկյունը միայն երազներում կտեսնեն: