Գնան ուսանողներն իրենց քաղաք-գյուղերը, որ…գլխացավանք չդառնան

267

Նորից ու նորից, կրկին ու կրկին ուսուցման դողէրոցքային մակարդակին ենք բախվում:
Ահա, նորից խաթարվում է կրթական համակարգը՝ տեղ-տեղ առկա եղանակով ուսուցումից անցում կատարելով անհեթեթ հեռավարի , տեղ-տեղ էլ առկա, հիմնավոր ուսուցման վերադառնալու ուսանողական սպասելիքներին իշխանական ձաղկումից: «Վիրու՜ս», «սպառնալի՜ք», «տագնապալի աճող թվե՜ր»: Պարզ է: Չի լինում ըմբռնել այս ամենի դեմ մարտնչելու իշխանական հիմար մեթոդը միայն: Երկրում հազվադեպ են դիմակակիր մարդիկ շրջում, տեղաշարժվում են երթուղայիններում օձագալար, աբստրակտ նկարի նախշերի պես իրար վրա խճճված, գրեթե ամենուրեք անվերապահորեն ազատ է արձակված կանխարգելիչ միջոցների կիրառման էությունը՝ սա պետական հայացքին թվում է նորմալ. բուհն է վարակի եռացող փեթակը:  Երբ պետք է թավշյա սրիկաներին հրահրել հակաճառման ասպարեզ՝ հանրահավաք են կազմակերպում, իհարկե, չմտածելով անբռնազբոս բացիլների անկանոն թռիչքի վտանգի մասին: Տպավորություն է, որ Հանրապետությունում ով ինչ «ղալաթ» անի՝ մեղավոր է բուհը և ուսանողը:

    Ամիսների տապալված փորձը ցույց է տալիս, որ կրթության օնլայնացումը և հարաբերությունների ճխթումը մոնիթորի մեջ՝ միանգամայն անարդյունավետ միջոց է: Եթե պետք է կենդանի շփումը, առերեսումը փոխարինվի ընդհատվող կապով, ուրեմն որակյալ գիտելիքի, և հետևաբար, որակյալ մասնագետի մասին խոսք լինել չի կարող: Եվ, վերջապես, եթե գործում է երկրում ամեն ինչ (ընդհուպ իշխանական «միտինգ»), ապա ինչու՞ խեղաթյուրել բարձրագույն ուսումը:

Հ.Գ. Դպրոցականները  նույնպես վարակելու-վարակվելու հատկություններ ունեն… Պարզունակ այս շախմատային դիրքափոխությունից կարելի է հանգել մի ուրիշ, թերևս անհեռատես իշխանական մանևրի. գնան ուսանողներն իրենց գյուղ-քաղաքները և… և այլն: