Այսօր կորած երկու պայմանագրային զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է․ ՊՆ

91

Երկու պայմանագրային զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է, Aysor.am-ին ասել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Այժմ համապատասխան միջոցներ են ձեռնարկվում նրանց տարհանելու ուղղությամբ։ Զինծառայողների առողջական վիճակը դեռևս անհայտ է։ Աշխատանքները բարդանում են եղանակային վատ պայմաններով և աննախադեպ ծավալի տեղացած ձյան պատճառով։ Աշխատանքներն ընթանում են ծայրահեղ ծանր պայմաններում», – նշեցին նախարարությունից։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։

Mediaport տելեգրամ-ալիքը հայտնել էր, որ Ջերմուկի զորամասից երեկ երկու զինվոր է անհետացել։ ՊՆ աղբյուրների փոխանցմամբ՝ կորած զինվորների անուններն են Կարեն Շահնազարյան ու Աղասի Հովհաննիսյան։ Զինվորները Ջերմուկ էին տեղափոխվել Արցախի հանձնված շրջաններից: