«Հայերից հետո հերթը ձե՛զ է հասնելու»

240

Ներկա համարի 3-րդ էջում անգլերենից թարգմանաբար հրատարակվող Բաց նամակը իսկապես ուշագրավ է ու գործնապես կարեւոր:

Առաջինՙ նամակն ուղղված է նաեւ հրեա հասարակությանը, որը Իսրայելում կամովին գտնվում է ադրբեջանական հակահայկական քարոզչության ազդեցության ներքո եբրայական կառավարության շահադիտական մեղսակցությամբ: Մի միջավայրՙ որը մեր անփութության հետեւանքով անմատչելի է մնում հայերիս համար:

Երկրորդՙ նամակն ստորագրված է ազգությամբ հրեա հայագետ գիտնականների կողմից, որոնք հանդես են գալիս արմատական սեմականության պաշտպանության դիրքերից առանց սեթեւանքների, որը ավելի ազդեցիկ է դարձնում նրանց խոսքը հատկապես հրեական միջավայրում:

Երրորդՙ նամակի բովանդակության հենքը, բացառությամբ որոշ եզրակացությունների, կազմում են պատմագիտական իրողություններ, որոնք ավելի համոզիչ են դարձնում նամակագիրների պաշտպանած թեզը:

Չորրորդՙ նամակում եւս մեկ անգամ քննադատվում է Իսրայելի հաջորդական կառավարությունների շահադիտական եւ անհեթեթորեն խանդոտ վերաբերումը Հայոց ցեղասպանության փաստը չճանաչելու հարցում:

Հինգերորդՙ նամակը զուգահեռաբար եւ անուղղակիորեն ընդգծում է մեր պատմագիտական ու քաղաքագիտական մտքի ընդարմացած վիճակը, ծուլությունն ու անգործունեությունը: Միաժամանակ, դարձյալ անուղղակի կերպով, մատնանշում է մեր հաջորդական կառավարությունների անձեռնհասությունը, իսկ ներկա կառավարության ապիկարությունը միջազգային ասպարեզում հակաքարոզչական աշխատանք տանելու գործում, հատկապես Իսրայելի նման փոքր, բայց մեծազդեցիկ երկրում, որտեղ ադրբեջանական նավթային գործոնը, դրան գումարածՙ նախկին բաքվեբնակ եւ նույնիսկ թիֆլիսաբնակ հրեական բավական ազդեցիկ համայնքի առկայությունը հարմար միջավայր են ստեղծել հակահայկական քարոզչության համար:

«Ազգ»ը տարիների ընթացքում հաճախ է քննադատել Իսրայելի կառավարություններին եւ հրեական միջազգային որոշ կազմակերպությունների ու անհատների գործողություններըՙ ինչ վերաբերում է Հայկական պետության ու հայ ժողովրդի շահերին նրանց հասցրած հարվածներին, որոնցից վերջինը, ամենացավագինը, եղավ իսրայելական ԱԹՍ-ների զանգվածային կիրառումը Արցախյան վերջին պատերազմում, իսկականՙ մեջքից հարված, որին զոհ գնացին այնքան կյանքերՙ զինվորական թե քաղաքացիական:

Մեր թերթը քննադատել ու քննադատելու է Իսրայելի կառավարող շրջանակների վարած հակահայ քաղաքականությունը, ի մասնավորիՙ 1948-ի պատերազմի օրերին ցեղասպանությունից մազապուրծ հայերին Հայֆայից ու Յաֆայից վռնդելու, նրանց կրկնակի անգամ փախստական դարձնելու պատմական փաստը, ինչպես նաեւ 1967-ի պատերազմից հետո, Երուսաղեմի, այո՛, 1500-ամյա հայկական կալվածների եւ պատրիարքական իրավունքների յուրացման եւ իրավազրկման փորձերն ու փաստերը: Քննադատել ենք եւ շարունակելու ենք քննադատել. դա մեր իրավունքն է: Բայց չենք ընդունում նամակագիրների մերկապարանոց պնդումը, թե, իբր, «հակահրեականությունը (antisemitism) խոր արմատներ ունի եւ բնորոշ է Հայաստանին»: Եթե որպես «հակահրեականության խորը արմատների» ապացույց նամակագիրները նկատի ունեն անցյալ տարի եւ նախորդ տարիներին Երեւանում Հոլոքոսթի հուշարձանի դեմ կատարված վանդալիզմը, ապա լավ է, որ նրանքՙ նամակագիրներն իրենք են հաստատում տարբեր երկրներում նման սրբապղծությունների փաստը, որին զոհ են դառնում նաեւ Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքարերը: Մեր թերթը հետեւողականորեն անհաշտ է եղել նման արարքների նկատմամբ, որոնք չունեն որեւէ արդարացում: Մենք դատապարտել ենք նման արարքները նաեւ մեր երկրում, քննադատել նաեւ ու հատկապես քաղաքային իշխանություններինՙ անհրաժեշտ աչալրջությամբ ու հոգատարությամբ այդ եւ նման հուշարձաններին չվերաբերվելու համար: Նման արարքները, մեր խորին համոզմամբ, անարգում են հենց այն արժեքները, որոնց համար ցեղասպանվեցին մեր ժողովրդի զավակները, հայրենազրկվեցին շատերը: Մանավանդ որ, նման արարքները ձրի ծառայություն են Բաքվի քարոզչամեքենայի համար, որը փողի ու նավթի փաթեթավորմամբ դրանք մատուցում է հրեա անմեղսունակ հանրությանըՙ որպես «հակասեմականության» «ապացույց»: Այնինչ մեր երկու ժողովուրդների միջեւ պատմականորեն եղել է եւ այժմ էլ գոյություն ունի ընդամենը մրցակցություն, խանդ, նույնիսկ նախանձ, բայց ո՛չ ատելություն ու թշնամանք: Թվում էՙ Ալիեւ-Էրդողան քարոզչամեքենային հաջողվել է իր ազդեցությունը տարածել Բաց նամակն ստորագրած հմուտ հայագետների վրա, որոնց հավանաբար ծանոթ են ժողովրդային մակարդակում հայ եւ հրեա հարաբերությունների մթնոլորտին վերաբերող հարյուրավոր անեկդոտներ, որոնցից մեկը ավելորդ չի լինի այստեղ հիշատակել: Մահամերձ մի ծերունի հրեա իր սնարի մոտ է հրավիրում որդիներինՙ վերջին կտակը տալու: Ծերունին որպես վերջին պատգամ որդիներին հանձնարարում է… պահպանել հայերին: Եվ տեսնելով որդիների զարմանքըՙ ավելացնում. «Քանզի հայերից հետո հերթը ձեզ է հասնելու»: Ու նոր բովանդակություն տալով սովետական շրջանից մնացած այս «կտակին», առանց կատակի մեր կողմից ավելացնենքՙ հայերին ճնշելուց հետո Ալիեւ-Էրդողան երկսայր յաթաղանը հասնելու է հրեաներին…

Համենայնդեպս կարծում ենք, որ, թեեւ ուշացած ու տեղ-տեղ հայերիս համար անընդունելի, հրեա հայագետների Բաց նամակը զգաստացնող նշանակություն կունենա մեր երկու ժողովուրդների լայն զանգվածների համար:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ