Էն ամենալարված օրերին Արմեն Խաչատրյանի ամենածանր աշխատանքը Գորիսի համայնքապետարանում սուրճ խմելն է եղել․Հրապարակ

105

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, սյունեցի Արմեն Խաչատրյանը օրեր առաջ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել էր, թե Սյունիքի մարզի որևէ համայնքապետ իր ջոկատով թշնամու դեմ չի պայքարել:

Hraparak.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ղեկավար Մխիթար Զաքարյանն. անդրադառնալով իշխանական պատգամավորի այս խոսքերին, ասաց, որ ինքն այս հարցին մի քիչ այլ կերպ է նայում՝ եթե հայրենիքը վտանգի մեջ է, ապա արական սեռի ամբողջ ազգաբնակչության պարտքն է՝ պաշտպանել հայրենիքը: 

«Հիմա ինքը ասում է, մենք էլ խելքներս տալիս ենք իրեն, հակադարձում, բայց, իրականում մենք՝ համայնքապետերով, մի քանի շաբաթ, մեկս՝ մի քիչ ավել, մեկս՝ մի քիչ պակաս, եղել ենք այնտեղ, ես՝ Մեղրու գնդի հետ, մի քանի ժամ անց հասել եմ Ջաբրայիլ, որտեղ ժամանակին ծառայել եմ, ու էնտեղ վիրավորվեցի, մեր բուժծառայության պետը զոհվեց, բայց ամեն մեկս մաքսիմում մի քանի շաբաթ ապրել ենք էն կյանքով, ինչ որ մեր զինվորականները 20-25 տարի ապրել են: Ու պետք չի դա քննարկման թեմա դարձնել՝ ինչ ենք արել, ինչ չենք արել»,- ասաց Մխիթար Զաքարյանը:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է արել ինքը՝ իմքայլական Արմեն Խաչատրյանն, ապա Զաքարյանն ասաց. «Էն ամենալարված օրերին, երբ Գորիսի համայնքապետարանը Արցախից փախստականներին ընդունելով և սահմանների պաշտպանությամբ էր զբաղված, Արմեն Խաչատրյանի ամենածանր աշխատանքը Գորիսի համայնքապետարանում սուրճ խմելն է եղել: Եվ ինքը չի, որ պիտի էս թեման արծարծի, էլի, ամենավերջին մարդնն ա, որ իրավունք ունի: Նա սկի հայկական բանակում չի ծառայել»:

Մեղրիի քաղաքապետն ասաց նաև, որ Խաչատրյանը Մեղրիում չի էլ եղել այս ընթացքում, իրենք չեն տեսել իրեն, չեն ճանաչում: Իսկ թե ինչպես են վերաբերվում իրեն սյունեցիներն, առհասարկ, Զաքարյանը խորհուրդ տվեց հարցնել Գորիսի քաղաքապետին, քանզի Խաչատրյանը ծնունդով Գորիսից է:

Հրապարակ