Հնարավոր չէ դատավորների վրա ճնշում գործադրել. նրանք շարունակելու են ինքնուրույն որոշումներ կայացնել. ԲԴԽ նախագահ. Aysor

177

ԱԱԾ աշխատակիցներն այցելել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որի վարույթում է քննվում Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը, և փորձել մուտք գործել դատավորի աշխատասենյակ։

Բարձագույն դատական խորհրդում այս հարցը դեռ չի քննարկվել։

«Ես բազմաթիվ անգամներ իմ հանրային խոսքում ասել եմ ու իմ կարծիքը չի փոխվել՝ ես դրա դեմ պայքարողն եմ, երբ որ դատարանի վրա ճնշում է լինում։ Հիմա, եթե մենք Բարձրագույն դատական խորհրդում քննարկենք ու գնահատենք դա ճնշում, անպայման ԲԴԽ-ն իր ամբողջ գործիքակազմով դրան կարձագանքի», – Aysor.am-ին ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Նա ասաց, թե ԲԴԽ-ն նման փաստեր ունենալու դեպքում մի գործողություն ունի անելու՝ դիմել ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի դատախազությունը համապատասխան միջոցներ ձեռնարկի։

«Այլ լիազորություն Բարձրագույն դատական խորհուրդը, ցավոք սրտի, չունի», – նշեց Վարդազարյանը։

ԲԴԽ նախագահն ընդգծեց՝ միգուցե, ինքը փոքր-ինչ ռոմանտիկ է, բայց վստահ է՝ ոչ մի կերպ հնարավոր չէ դատավորների վրա ճնշում գործադրել։

«Դատավորները շարունակելու են ինքնուրույն որոշումներ կայացնել՝ հաշվի չառնելով որևէ քաղաքական կոնյունկտուրա», – նշեց ԲԴԽ նախագահը։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր կասեցնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։