Պատերազմի ընթացքում ադրբեջանական իշխանություններն իրականացրել են էթնիկ զտումներ ու ցեղասպանության քաղաքականություն և այս ամենը շարունակվում է նաև ներկայում.Արման Թաթոյան

272

Հրապարակում ենք միայն փաստեր ու այդ փաստերից բխող հարցեր. սա ի՞նչ է, եթե ոչ ատելություն բարձրագույն իշխանության մակարդակով էթնիկ և կրոնական հիմքով, սա ի՞նչ է, եթե ոչ Արցախում էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականության մասին ապացույց, սա ի՞նչ է, եթե ոչ ֆաշիստական վերաբերմունք: Ադրբեջանի նախագահի խոսքերը բառացի թարգմանությամբ Արցախի Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի XII-րդ դարի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի այցի ընթացքում.

«Սա ալբանական եկեղեցի է: Հայերը փորձել են այս եկեղեցին ևս հայկականացնել, այստեղ հայերենով գրություններ են գրել, բայց դա նրանց չի հաջողվել: Սա մեր հնագույն տաճարն է, մեր ուդի եղբայրների տաճարն է և նրանք այստեղ ևս գալու են: Ինչպես որ մեր մզկիթներն են պղծել, այնպես էլ հնագույն ալբանական տաճար են պղծել հայերը: Բայց մենք վերականգնելու ենք, այս բոլոր գրությունները կեղծ են: Դրանք հետո ավելացված գրություններ են: Նրանք իրենց համար կեղծ պատմություն են ստեղծել: Մինչդեռ, դա նրանց չի հաջողվել (…) թուրքական մզկիթ է: Ամբողջը կեղծել են, դարձրել են աղբանոց: Տե՛ս, այս վայրն ինչ օրն են գցել, հետո էլ ասում են հայկական է»:

Ծակուռիի XII-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին գյուղի նախկին վանքային համալիր “Ծաղկավանքն” է, որից պահպանվել է “Սուրբ Աստվածածին” եկեղեցին։ Ըստ խաչքարերի՝ այն 1198 թվականից է և տարբերվում է իր կլոր դռնով։ Եկեղեցին Արցախի միջնադարյան ճարտարապետական ու մշակույթի գլուխգործոցն է: Մի քանի օր առաջ նաև հաստատվեց, որ ավերվել է ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող Շուշի քաղաքում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որ հայտնի է «Կանաչ ժամ» ժողովրդական անվանումով։ Ընդ որում, եկեղեցին ավերվել է ոչ թե պատերազմի, ոչ թե զինված հարձակումների ժամանակ, այլ դրանց ավարտից հետո։ Այս փաստերը 2021թ. մարտի 18-ի կարևոր հայտարարությամբ հաստատել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս փաստերի մասին արձանագրումները ևս կուղարկի միջազգային համապատասխան մարմիններին: Բայց հատուկ արձանագրում ենք, որ տարիներ ի վեր Ադրբեջանում հայաատյացությունն ու թշնամանքը պետական բարձրագույն մակարդակով սերմանվել է հենց այս կերպ ու դա ոչ միայն էթնիկ, այլ նաև կրոնական հիմքերով է: Սույն հայտարարությամբ հրապարակված փաստերն ակնհայտ վկայում են, որ Արցախում 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական իշխանություններն իրականացրել են էթնիկ զտումներ ու ցեղասպանության քաղաքականություն և այս ամենը շարունակվում է նաև ներկայում:

Ադրբեջանի նախագահի այս նույն ելույթներից ու բառերից ոգեշնչված էին ադրբեջանական զինվորները խոշտանգում, գլխատում, զվարճանքի համար կտրում մարմինների մասեր ու կատարում այլ վայրագություններ հայկական կողմից զինծառայողների ու քաղաքացիական անձանց նկատմամբ 2016թ. ապրիլյան ու 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում: