Մեծ Բրիտանիան ընդունեց պաշտպանության և արտաքին քաղաքականության նոր դոկտրին՝ Ռուսաստանը պաշտոնապես հայտարարելով որպես անվտանգային գլխավոր սպառնալիքներից մեկը

100

Արևելագետ Վարդան Բալյանի էջից, –

Մարտի 16֊ին Մեծ Բրիտանիան ընդունեց պաշտպանության և արտաքին քաղաքականության նոր դոկտրին՝ Ռուսաստանը պաշտոնապես հայտարարելով որպես առավել սուր և արդիական անվտանգային գլխավոր սպառնալիքներից մեկը մինչև 2030 թվականը։ Սառը պատերազմի ավարտից հետո նման փոփոխություն բրիտանական պառլամենտում քննարկվում է, ի դեպ, առաջին անգամ։

Այս փաստաթղթի որոշակի հատվածներ հրապարակվել էին դեռևս 2020 թվականի հոկտեմբերին, խոշոր հաշվով այն արդեն իրականացվում է առնվազն 2020 թվականից, բայց հրապարակումը հետաձգվել էր կորոնավիրուսի պատճառով։ Եվ արդյունքները մեզ համար մեղմ ասած վատն են։

Փաստաթղթի զգալի մասը վերաբերում է Ռուսատանին, ներկայացված են հետևյալ եզրակահանգումները.

1. Մոսկվան շարունակում է մնալ սուր և ուղղակի սպառնալիք Բրիտանիայի համար, կանխատեսվում է նրա ակտիվության աճ միջնաժամկետ հեռանկարում։

2. Ռուսական ռազմական պոտենցիալի աճը, ինչպես և ռուսների ավելացող ներդրումները ինֆորմացիոն օպերացիաներում անհանգստացնող են և բացասաբար են ազդում համաշխարհային անվտանգության իրավիճակի առումով։

3. Միացյալ Թագավորությունը ռուսական ներկա կառավարության հետ հարաբերությունների ընթացքը գնահատում է վատացող և հայտարարում զսպման ու ակտիվ պաշտպանության քաղաքականության իրականացման մասին։

Վարչապետ Ջոնսոնը հատուկ շեշտադրում արեց Չինաստանի հետ հարաբերությունների զարգացման, բրիտանական բանակի ֆինանսավորման ավելացման, ԱՄՆ հետ դաշնակցության և միջուկային պոտենցիալի մոտ 40%֊ով ավելացման վրա՝ հրաժարվելով կրճատման մասին 11 տարի առաջ ընդունված որոշումից։

Հատուկ ուշադրության է արժանի պաշտպանական քաղաքականությունը, քանի որ ռազմական ինֆրաստրուկտուրայի արդիականացմանը նախատեսվում է հատկացնել 24 միլիարդ ֆունտ ստերլինգ։

Հատկանշական երկու փաստ, Ջոնսոնն իր զեկույցում ոչ մի անգամ չհիշատակեց Եվրոմիությունը, սա ինքնին փաստում է, որ բրիտանացիները շարունակելու են իրենց ազդեցության գոտիների առանձնացման քաղաքականությունը, որ դիտարկելի էր նաև վերջին Արցախյան պատերազմում։ Պաշտպանական ոլորտում Բրիտանիայի տարածաշրջանային հիմնական գործընկերը Թուրքիան է։

Ահա այս ամենի համատեքստում Ջոնսոնը հայտարարեց, որ

«Մեծ Բրիտանիան երբևէ չի կարող բավարարվել տարածաշրջանային արտաքին քաղաքականության սահմանափակ հորիզոններով, նրա համար չկան հեռավոր երկրներ, գլոբալ Բրիտանիայի կոնցեպտը… երկրի անվտանգության և զարգացման անհրաժեշտություն է»։

Այս ամենին մանրամասնորեն կանդրադառնանք Հայաստանի անվտանգային խնդիրների տեսանկյունից, բայց հիմա փաստենք, որ իսրայելա֊բրիտանա֊թուրքական և ռուս֊իրանական բևեռների ազդեցության ագենտների միջև ներքաղաքական պայքարը մեր երկրի ներսում լինելու է կատաղի, հղի է լրջագույն վտանգներով և կարող է կործանարար հետևանքներ ունենալ։ Հայ ժողովուրդը պետք է հասկանա և գիտակցի, թե ի՞նչ իրավիճակում է ընտրություն կատարելու։ Առաջիկա ընտրությունները ուղղակի ընտրություններ չեն, մեզ անհրաժեշտ է գտնել բանաձև որպես ազգ, պետություն։ Միմյամց հետ պատերազմող գեոպոլիտիկ բևեեների ազդեցության ագենտների կռիվը երկրի ներսում պետք է ավարտել, մերժել նրանց աշխարհաքաղաքական գզվռտոցը մեր պետության ներսում վերջնականապես։