Թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջը՝ փակել ատոմակայանը. Փաշինյանը համաձայնե՞լ է.politik.am

191

Տեւական ժամանակ է, ինչ տարբեր շրջանակներ՝ վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ, ներառյալ նաեւ որոշ ռուսական շրջանակներ, խոսում են այն մասին, որ Հայաստանի ներկա իշխանությունները ստվերային բանակցություններ են վարում Թուրքիայի հետ։

Թուրքիայի, ինչպես նաեւ Ադրբեջանի համար առաջնահերթ խնդիր է եղել միշտ հասնել այն բանին, որ Հայկական ատոմակայանը փակվի։ Տարիներ շարունակ թուրք-ադրբեջանական տանդեմն ամեն գնով փորձել է հասնել դրան։

Հիշենք, թեկուզ 2016 թվականին Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի հայտարարությունը Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) 60-րդ գլխավոր համաժողովին, որտեղ պահանջում էր փակել Հայկական ատոմակայանը, ասելով, որ այն կարող է դառնալ Չեռնոբիլ։ Նա բառացիորեն այդ ժամանակ ասել է հետեւյալը․ «Եթե նույնիսկ յուրաքանչյուր երկիր ձեռնարկի անհրաժեշտ նախազգուշական միջոցները՝ կապված իր ատոմակայանի հետ, մենք չենք կարող անտեսել մեր սահմաններին առկա վտանգները: Մենք պետք է գործենք միասին պոտենցիալ սպառնալիքների հարցում: Այս տեսանկյունից Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»։ Երեկ հայտնի դարձավ, որ ատոմակայանի փակվելու վտանգ կա։ Ըստ պաշտոնական հայտարարության, «այս տարվա մայիսի 15-ից ատոմակայանը 141 օրով չի գործի նախազգուշական վերանորոգման աշխատանքների հետ կապված», որը ըստ ատոմակայանի տնօրեն Մովսես Վարդանյանի «ամենաբարդերից մեկն է»։

Հիշեցնենք, որ «2026 թ-ին Հայաստանի գործող ատոմային բլոկը շահագործման մեջ կլինի արդեն 40 տարի: Նախատեսվում է շահագործման ժամկետը երկարեցնել ևս 5-10 տարով: Այսինքն՝ 2026 թ. հետո համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում շարունակել կայանի շահագործումը»: Իհարկե ամեն բան այսքան բարդ չէր լինի, եթե իշխանություններն ակնհայտ անփությություն եւ անգործություն չցուցաբերեին եւ չհրաժարվեին ժամանակին ռուսական վարկից, որը նախատեսված էր Հայկական ատոմակայանի արդիականացման համար։ Ընթերցողը թերեւս կհիշի, որ 2020-ի հունիսին Հայաստանը հրաժարվեց այդ վարկից, փոխարենը հանձնառություն ստանձնելով 63 միլիարդ դրամ հատկացնել այդ ամենի համար։ Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը կարող էր իրեն թույլ տալ հրաժարվել ռուսական 270 միլիոն դոլարանոց վարկի 107 միլիոն դոլար մնացորդից տարատեսակ անհասկանալի պատճառաբանություններով, սակայն հիմա, հետպատերազմական տնտեսական ու ֆինանսական ծանրագույն պայմաններում այդ վարկը մեզ համար կենսական անհրաժեշտություն է դառնում, որն էլ չկա։ Ու հիմա ստացվել է մի իրավիճակ, որ եթե Հայկական ատոմակայանը փակվի, ապա դա ըստ էության կլինի թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջը։ Ու այդ դեպքում կարող ենք ենթադրել, որ Հայկական ատոմակայանի փակման հարցը եւս վճռվել է Փաշինյանի՝ թուրքերի հետ կուլիսային բանակցությունների ընթացքում։

Politik.am