Ընտրությունները չպետք է անցկացնի գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ. Արտակ Թովմասյան

229

«Մենք մասնակցելու ենք բոլոր քաղաքական և ընտրական պրոցեսներին և այժմ ակտիվ քաղաքական գործընթացների մեջ ենք»,- «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասել է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը՝ անդրադառնալով հարցին՝ որոշե՞լ է արդյոք մասնակցել արտահերթ ընտրություններին, թե ոչ։ 

Ավելի վաղ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության հավաքի ժամանակ Արտակ Թովմասյանը հայտարարել էր, որ «կուսակցություն դառնալու» շրջափուլում են, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հայտարարեց, որ հունիսի 20-ին անց են կացվելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Հարցին՝ի՞նչ ձևաչափով են մասնակցելու առաջիկա արտահերթ ընտրություններին, քաղաքական տարբեր ուժերի հետ միավորումներ նախատեսո՞ւմ են, թե՞ ոչ, Արտակ Թովմասյանը հայտնեց, որ այժմ ակտիվ քաղաքական փուլ մտնելու պրոցեսի մեջ են։
«Իսկ թե ինչ ձևաչափով կմասնակցենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, կորոշենք մեր քաղաքական թիմի հետ միասին»: Թովմասյանը նշեց, որ ընտրությունների անցկացման վերաբերյալ ունի որոշակի վերապահումներ։

«Ինչպես բազմիցս նշել եմ իմ ելույթներում, ընտրությունները չպետք է անցկացնի գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քանի որ նրանք չեն կարող դա անել և դժվար թե ունենան բավարար կամք, որպեսզի երկրում ապահովեն ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան ազատ ու արդար ընտրություններ»:

Արտակ Թովմասյանը հավելեց, որ իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ հանուն իրենց շահի` պատրաստ են ոտնահարել Սահմանադրությունը, մերժել պետականամետ մտածելակերպն ու օրինականությունը։

«Ինչպե՞ս կարելի է հավատալ այդ մարդկանց, ում խոսքն ու գործը երբեք չեն համընկնում»։

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամը նկատեց նաև, որ կոռուպցիայի և ոստիկանապետության դեմ պայքարի կարգախոսով իշխանության եկած մարդիկ այսօր ժողովրդի հետ հարաբերվում են ոստիկանական պատնեշով։

«2018 թվականի հեղափոխության հանրային գլխավոր պահանջներից էր ընտրական օրենսգրքի փոխոխությունը։ Այսօր նույն անձինք փորձում են ընտրությունների գնալ նույն օրենսգրքով, որը վերահաստատում է, որ իշխող քաղաքական ուժը փորձում է կրկին վերարտադրվել` օգտագործելով չարաշահումների և ընտրությունների կեղծման մեխանիզմների ամբողջ ներկապնակը»,- եզրափակեց Արտակ Թովմասյանը։

Փաստինֆո