Զարգացած Հուզական Ինտելեկտը Օգնում Է Տարբերակել Ֆեյք Լուրերը

85

Համացանցում ֆեյք լուրերը տարածվում են կայծակնային արագությամբ և շատ հաճախ կարող են աղետալի երևույթների բերել։ Այդ պատճառով էլ անհրաժեշտություն է առաջանում հասկանալու, թե ինչի շնորհիվ է, որ որոշ մարդիկ համեմատաբար հեշտությամբ են տարանջատում կեղծ լրահոսը իրականից, իսկ որոշները դառնում  են կեղծ լուրերի մոլի տարածողներ։

Գլազգոյի Ստրատկլայդի համալսարանի գիտնականները որոշեցին ստուգել մի վարկած, համաձայն որի բարձր հուզական ինտելեկտ ունեցող մարդիկ (մարդ, ով կարողանում է հասկանալ ու կառավարել սեփական և այլ մարդկանց հույզերը, մտադրությունները, նպատակները և ցանկությունները) հակված չեն կեղծ լուրերին հավատալ, և ավելի հեշտ են տարանջատում ֆեյքերն իրական լրահոսից։ Հետազոտությանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի՝ 17-56 տարեկան 87 քաղաքացի ։ Ըստ ստացած կրթության մակարդակի, մասնակիցներին բաժանել էին երկու խմբի՝ բուհ ավարտած (57) և դպրոցական կրթություն ունեցող(30)։ Մասնակիցները լրացրել էին հուզական ինտելեկտի աստիճանը որոշող հարցաթերթիկ, այնուհետև նրանց ներկայացվել էին վեց տարբեր լուրեր՝ Ֆեյսբուքյան գրառումների ձևաչափով։ Լուրերից յուրաքանրչյուրի վերաբերյալ պետք էր պատասխանել մի քանի հարցի՝ «Որքանո՞վ եք համաձայն նշված գրառման հետ», «Օբյեկտիվ է արդյո՞ք տվյալ գրառումը և գրառման հեղինակը», «Արդյո՞ք գրառումն ունի մասնագիտական տեսք» և այլն։

Հետազոտության արդյունքում հեղինակները եկել են այն եզրակացության, որ այն մասնակիցներն, ովքեր ճիշտ էին տարանջատել կեղծ լուրերը իրականից, ունեին ավելի բարձր հուզական ինտելեկտ։ Ինչպես նաև առկա էր ուղիղ կապ կրթություն մակարդակի հետ՝ բուհ ավարտածները ավելի հեշտ էին բացահայտում ֆեյքերը։

Ավելին` Ita.am կայքում