Նախարարի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասին հրապարակումն ուղարկվում է ՀՔԾ

57

ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկում է Հատուկ քննչական ծառայություն՝  նյութեր նախապատրաստելու համար։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի կողմից այսօր՝ մարտի 18-ին, սրճարանում լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա հարձակման մասին մամուլի հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկում է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու համար»,- ասաց Խաչատրյանը:

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպը: Դեպքի առնչությամբ լրագրող Փայլակ Ֆահրադյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ սրճարաններում մեկում տեսել է նախարար Հակոբ Արշակյանին և հարցրել, թե ինչու է աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում, Արշակյանը պատասխանել է, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխատանքային են: Ըստ լրագրողի՝ դրանից հետո նախարարը խնդրել է անջատել տեսախցիկը, այնուհետև սկսել է սպառնալ: Նախարար Հակոբ Արշակյանն առայժմ պարզաբանում չի ներկայացրել տեղի ունեցած դեպքի առնչությամբ: