ՄԱԿ-ն անհանգստացած է միջուկային զինանոցն ավելացնելու՝ Լոնդոնի որոշմամբ

148

ՄԱԿ-ը մտահոգված է իր միջուկային զինանոցը մեծացնելու՝ Մեծ Բրիտանիայի որոշմամբ, քանի որ դա կարող է վնասել գլոբալ կայունությանը. ասել է միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Նախորդ օրը Բրիտանիայի կառավարությունը հրապարակել էր պաշտպանական և արտաքին քաղաքականության ռազմավարությունը՝ հայտարարելով ռազմարդյունաբերական համալիրի ծախսերի աննախադեպ աճի մասին, և նախատեսում է միջուկային մարտագլխիկների քանակը հասցնել 260-ի: 2010-ականներին Լոնդոնը խոստացել էր մինչև 2020-ականների կեսերը կրճատել այդ մարտագլխիկների քանակը 225-ից 180:

Ըստ Դյուժարիկի՝ Բրիտանիայի միջուկային զինանոցի ավելացումը «հակասում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի 6-րդ հոդվածով նախատեսված նրա պարտավորություններին և կարող է վնասակար ազդեցություն ունենալ համաշխարհային կայունության և աշխարհը միջուկային զենքից մաքրելու ջանքերի վրա»:

Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը նշել է, որ սառը պատերազմից ի վեր միջուկային զենքի ռիսկերը ամենաբարձրն են, մինչդեռ զինաթափմանն ու զենքի վերահսկողությանն ուղղված ջանքերը «կայունությունը մեծացնելու և միջուկային վտանգը նվազեցնելու լավագույն միջոցներն են»:

Դյուժարիկը նաև հավելել է, որ, միևնույն ժամանակ, ՄԱԿ-ը ողջունում է Լոնդոնի նվիրվածությունը առանց միջուկային զենքի աշխարհին, զինաթափմանը, զենքի վերահսկմանը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին:

Լոնդոնի պաշտպանական ռազմավարության մեջ, ի թիվս այլ բաների, Ռուսաստանը անվանվել է հիմնական սպառնալիք: Բրիտանիայի դեսպանատնից բացատրել են, որ դա պայմանավորված է Մեծ Բրիտանիայի տարածքում քիմիական զենքի օգտագործմամբ: Դիվանագետներն ընդգծել են, որ իրենք չեն փնտրում նման հարաբերություններ ռուսական կողմի հետ և հույս են հայտնել, որ Մոսկվան կփոխի իր մոտեցումը:

Կրեմլն իր հերթին շեշտել է, որ Ռուսաստանից ոչ մի սպառնալիք չի գալիս: Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Մոսկվան ցավում է նաև, որ Լոնդոնը գնացել է միջուկային մարտագլխիկների ավելացման ուղիով: