Ես ինձ երիցս համարում եմ դժբախտ երկրի դժբախտ ժառանգ

302

Ես ինձ երիցս համարում եմ դժբախտ երկրի դժբախտ ժառանգ, երբ ամեն անգամ հանդիպում եմ խոշտանգված արձանների, խեղված, ավերված ու ավարված կոթողների, երբ տեսնում եմ Թումանյանի արձանին աղավաղված գրառումներ, օրինակ. «Լուս լով յու», «Հովուլիկ», «Չարբախցի… » և այլ լամուկներին բնորոշ ելուզակություններ։ Երիցս համարում եմ ինձ դժբախտ երկրի դժբախտ ժառանգ, որ կիսում եմ հայրենիք Փափազյանի արձանից մասունք թռցնողի հետ, Էմինի «կատվին» կողոպտողի հետ, և արդեն անհաշիվ սեփական ժառանգությունը զավթողների հետ։ Սոսկալի է։ Որքան էլ փորձում եմ սրանցով չչափել, մեկ է՝ այս շիճուկը ավելի է բարձրանում քան սերուցքը։ Որքան էլ ուզում եմ արձանն արարողով չափել իմ տեսակին, մեկ է՝ այս խուժանի անբարո թաթը փշրում է պատկերացումներս։ Ես ինձ համարում եմ դժբախտ երկրի դժբախտ ժառանգ, երբ զգում եմ մաթևոսյանական տողի մերօրյա աննախադեպ արդիականությունը. «սերմնացու գողացող մկան պես, թուխս գողացող աղվեսի նման»։

Մի՞թե գրելու ուրիշ անկյուն չկա, որ խզբզվում են արձաններն ու այլ շենք-շինությունները, և այն էլ դեռ մատներով կարդացող երկնահասակ մեկի կողմից։ Կամ մի՞թե դժվար է այլ աղբյուրներով կոպեկներ քամելը, մի՞թե դժվար է տեսնել արվեստ, այլ ոչ գնաճի ենթարկվող խայտաբղետ պղինձ, կամ անփայլ բրոնզ, որի կորզման հաճույքից ավետարաններ, խղճեր, ու ազգություն է ուրացվում։

Գիտակից և անգիտակից սրբապղծության սիստեմատիկ ականատեսը լինելով՝ ակամա բորբոքում է հասունանում պարկեշտ մարդու ներսում, որ մի օր լավայի պես կհորդի վանդալական անհայրենիք դուրսպրծուկների անդեմ երեսներին։