Իշխա­նության երկու ներկայացուցիչ, մի քանի օրվա տարբերությամբ, զոհերի վերաբերյալ հազարով իրարից տարբերվող թվեր են ասում․ «Հրապարակ»

66

««Իմ քայլը» խմբակցության պատգամա­վոր Նազելի Բաղդասարյանը, որն օրերս հայտարարել էր, թե ներքաղաքական լարված իրավի­ճակը խոչընդոտում է գերիների վերադարձին, մեզ հետ զրույցում դարձյալ պնդեց իր այդ միտքը, որի համար նրան օրեր շարունակ քննադատում էին մարդիկ: Նա զարմացած է, թե ինչու է ընդդի­մությունն իր արած հայտարարու­թյունը վերցրել իր վրա ու ներքա­ղաքական լարումների ամբողջ պատասխանատվությունը ստանձնել: Ասում է, որ ինքը նկատի ուներ՝ առհասարակ ներքաղաքական լարված վիճակը, իհարկե, դժվար թե իշխանական պատգամավորն այդ լարվածության թիվ մեկ պա­տասխանատու համարեր հենց իրենց իշխանությանն ու վարչապետին:

Ի դեպ, մինչ իշխանական պատգամավորները զբաղված են իրենց վատ աշխատանքի հարցում մեղավորներ փնտրելով, թե ում պատճառով է, որ գերիների վե­րադարձը չի հաջողվում, այդ նույն ընդդիմության ներկայացուցիչների ջանքերով նաև՝ Հայաստան գերիներ են վերադարձվում: Մասնա­վորապես, երեկ հայտնի դարձավ, որ գերությունից վերադարձել է լիբանանահայ Մարալ Նաջարյանը, որի՝ հայրենիք վերադարձի հարցում իր ներդրումն է ունեցել ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ՌԴ պետդումայի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, այլ ոչ նույն Նազելի Բաղդասարյանը կամ որևէ այլ իմքայլական: Չնա­յած երեկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն տարածեց՝ փորձելով սեփականաշնորհել այդ քայլը. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով արձագանքեց Տաթև Հայրապետյանի կողմից նախաձեռնած ԱԺ բոլոր կին պատգամավորների նամակին և անձամբ իմ խնդրանքին՝ միջնորդի դեր ստանձնել Մարալին օր առաջ ազատելու գործում»:Մենք տիկին Բաղդասարյա­նին հիշեցրինք, որ իշխանությունը մինչ օրս գերիների ու զոհերի թիվն անգամ ազնվորեն չի հրապարա­կել, և 5 հազարի փոխարեն արդեն 10 հազար զոհի մասին է խոսվում, Բաղդասարյանը նախ ասաց, որ գերիների ու զոհերի թիվը հրապարակման ենթակա չէ, այդ թիվը յուրաքանչյուր օր փոփոխվում է, ապա ժպտալով մեր նշած թվերի վրա, ասաց. «Գոնե այն տվյալները, որոնց ես տիրապետում եմ, չնայած որ ես իրավասու մարմինը չեմ, այդ թիվը միանշանակ 5 հազարից նվազ է: Դա միանշանակ կարող եմ ասել: Բայց կարծում եմ՝ այս հարցով պետք է դիմել պատկան մարմիններին, Քննչական կոմիտե կամ Պաշտպանության նախարա­րություն»:

Նկատենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վստա­հեցնում էր, թե զոհերի թիվը չի անցնի 4 հազարը: Իսկ ռուսական աղբյուրները 10 հազար և ավելի զոհի մասին են խոսում: Եվ քանի որ այս իշխանություններն արդեն ասոցացվում են ստի ու կեղծիքի հետ, մարդիկ հակված են ավելի շատ հավատալ ռուսական թվե­րին: Եվ առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս այն, որ իշխա­նության երկու ներկայացուցիչ՝ մի քանի օրվա տարբերությամբ հազարով իրարից տարբերվող թվեր են ասում: Սա մի կողմից նշանակում է, որ անգամ իրենք իրական պատկերը չգիտեն և իրա­րից բեխաբար են, ապա այն, որ պատերազմից 4 ամիս անց էլ չեն կարողանում հստակ հաշվարկել մեր կորուստները, և մյուս կողմից՝ իրենց համար միևնույն է՝ հազար զոհ՝ այս կողմ, հազար՝ այն կողմ: Մարդկային կյանքը նրանց համար չոր ու ոչինչ չասող թվեր են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: