Ռուբեն Հայրապետյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի

71

Ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ հրապարակված տեսանյութերն իրենց մեջ պարունակում են պաշտոնատար անձանց կողմից  կազմակերպված հանցավոր խմբին բնորոշ ծանր հանցագործություններ կատարելու անհերքելի փաստեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը և կցել 168.am կայքի հրապարակած տեսանյութերը:

«Տեսանյութերում հստակ երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը խմբագրում և ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Ա.Այվազյանին ուղարկում Ռուբեն Հայրապետյանի որդի Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը,

Հստակ երևում է նաև, որ ՀԿԳ քննիչ Ա.Այվազյանը Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանին է ուղարկում Հայրապետյանների բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերը…

Հիմա հարց-տիկին և պարոն, ու՞մ հանձնարարությամբ և ի՞նչ շարժառիթով եք կատարել այդ հանցանքները… բա ձեզ պե՞տք էր ուրիշի համար նստել…

Այս խայտառակության վերաբերյալ առավոտյան հանցագործության մասին գրավոր հաղորդում եմ ներկայացնելու գլխավոր դատախազություն, իսկ մինչ այդ ասեմ, որ գիշերը չքնելն ու նամակագրությունը մաքրելը քրեական պատասխանատվությունից խուսափելու հարցում օգուտ չեն բերի…

Տեսանյութերը մանրամասն ուսումնասիրելուց հետո կհրավիրեմ մամուլի ասուլիս:

Հ.Գ. համոզված եմ, որ քաղաքական իշխանության կողմից այսպիսի կեղտոտ պատվերները եզակի չեն, կարծում եմ նաև, որ տեսանյութերը՝ նույնպես»,- գրել է Մակինյանը: