Անորոշ իրավիճակը նոր սպառնալիքներ է ստեղծելու առանց այդ էլ «ծանր վիրավոր» բանակի համար.Տիգրան Աբրահամայն

114

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

Պետք չէ Գլխավոր շտաբի քայլերում անընդհատ քաղաքական հաշվարկ փնտրել, մեկ է՝ դա չկա, չեք գտնի։ Ինչպես առանց քաղաքական ուժերի հետ քաղաքական կոնսուլտացիաների ԳՇ-ը գնաց իր դիրքորոշումը հանրայնացնելու ճանապարհով, այնպես էլ՝ առանց քաղաքական հիմնական դերակատարների հետ խորհրդակցելու, շարժվեց արդեն հայտնի ուղղությամբ։

Օնիկ Գասպարյանը իմ ճանաչած ամենաապաքաղաքական դեմքերից է, ում հետ երկար կարելի է խոսել Զինված ուժերի հետ առնչվող ցանկացած գործընթացից՝ մարտական հերթապահությունից մինչև նոր բանակի մոդելավորում և այլն, բայց քաղաքական գործընթացներում «ձանձրալի» զրուցակից է։

Համոզված եմ, որ նա դեռ խորությամբ չի էլ հասկանում, թե ինչու իր երեկվա քայլը նման հանրային արձագանքի հանգեցրեց, բայց կրկնում եմ՝ ինչպես իմ ճանաչած զինվորականների ճնշող մեծամասնությունը, Օնիկ Գասպարյանը ոչ հանրային տրամադրություններին է տիրապետում, ոչ տեղեկատվական կամ քաղաքական պրոցեսներին․ չեմ խոսում նաև այդ գործոնների վարքագծային փոփոխությունների մասին։Բայց այս ամենին զուգահեռ մի բան որպես փաստ պետք է արձանագրենք։

Անկախ փաշինյանական բեմադրությանը, իրենցից անկախ, մասնակից դառնալուց՝ նկատի ունեմ երեկվա հանդիպումը ԳՇ-ում, զինվորականների կարծիքը չի փոխվել, չի էլ փոխվի։ Որովհետև դա ոչ թե պահի տակ, ըստ քաղաքական եղանակի ձևավորված դիրքորոշում կամ մոտեցում էր, այլ վերջին 2-3 տարիներին ձևավորված, արմատացած համոզմունք։

Գիտեմ, որ խիստ ոչ պոպուլյար բան եմ ասելու, բայց զինվորականներին խիստ մի դատեք, անկախ ամեն ինչից, նրանք ոչ քաղաքական դեմքեր են։ Նույնիսկ խիստ փորձառու քաղաքական, պետական գործիչներն են վտանգավոր տապալումներ, սայթաքումներ ունենում՝ դա մենք վերջին 2-3 տասնամյակում շատ ենք տեսել, ուր մնաց խրամատներում, զորամասերի ճանապարհներին, վերակարգերում ապրած մարդիկ քաղաքական գործընթացներում չսխալվեն։

Ամեն դեպքում զինվորականներն ու անձամբ Օնիկ Գասպարյանը պետք է գիտակցեն, որ իրենց քայլերը մնացել են չընկալված, միգուցե՝ չավարտված, իսկ ամենամեծ խնդիրն այն է, որ բանակի շուրջ ստեղծված այս անորոշ իրավիճակը նոր սպառնալիքներ է ստեղծելու առանց այդ էլ «ծանր վիրավոր» բանակի համար։