Ո՛Չ Բարբարոսութեանը․․․

58

ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆ

Երբեւէ չէի պատկերացնի, որ մեր հերոս, հայրենիքի համար իրենց կեանքը զոհած քաջորդիների կողքին կարող են լինել նման բարբարոսներ, ովքեր տասը տարի առաջ Երեւանում կառուցուած Բարերարների ճեմուղին կարող են աւերել, կարող են ջարդել, գողանալ ազգիս մեծերի կիսանդրիները։

Վանտալիզմը թուրքի ձեռագիրն է, ով այսօր Արցախի յուշարձաններն ու սրբատեղիներն է պղծում։ Հայն արարող է, բայց ոչ աւերող։ Վանտալները հայեր չեն․․․ Նրանք ոճրագործներ են։

Տարիներ շարունակ Բարերարների ճեմուղին ոչ միայն հաճելի զբօսավայր էր, այլեւ ուխտատեղի էր դարձել, որտեղ հայրենասիրութեան, ազգասիրութեան, բարութեան եւ մարդասիրութեան անմոռանալի դասեր էին ստանում մեր դպրոցականները։

Երեխաները հիանում էին Մանթաշեանցի եւ Արամեանցի վառ կերպարով, նրանց գործարար տաղանդով ու բարեգործական ձեռնարկներով, Գալուստ Կիւլպէնկեանի դիւանագիտական բացառիկ կարողութիւններով եւ նաֆթարդիւնաբերութեան ոլորտում արձանագրած ձեռքբերումներով։

Լսում էին Ալեք Մանուկեանի՝ հայապահպանութեանը միտուած ծրագրերի եւ աշխարհատարած գործերի մասին, ծանօթանում էին Լազարեան եղբայրների գործունէութեանը, պետութեանը մատուցած ծառայութիւններին, հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդմանն ուղղուած ահռելի ջանքերին։

Աշակերտները ճեմուղուց հեռանում էին ազգի նուիրեալ, հասարակական-քաղաքական գործիչ, մեծանուն բարերար, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան հիմնադիր Պօղոս Նուպարի հսկայածաւալ աշխատանքների մասին պատկերացում կազմելով։

Որքան էլ փորձեն վնասել Բարերարների ճեմուղին եւ ջնջել հայ ժողովրդի պատմական յիշողութիւնը, միեւնոյն է՝ մեր Մեծերն իրենց հաստատուն տեղն ու դերն ունեն հայոց պատմութեան մէջ։

Հայ բարերարներն անմահ են իրենց ազգօգուտ գործերով ու անուրանալի վաստակով, իսկ հայ երիտասարդ սերունդը կշարունակի դաստիարակուել նրանց օրինակով, մեծանալ ազգային արժէքներով։

Ի հեճուկս չարի ու թշնամեաց, անմահութիւնը բազկատարած իր գիրկն է առել հայ ժողովրդի մեծանուն զաւակներին եւ դարձրել նրանց յաւերժի ճամփորդ։

«Զարթօնք» օրաթերթ