Թուրքերի հարձակումն ու Կարաբեքիրի վերջնագիրը. Mediamax.am

140
Կարսի անկումից հետո հայկական զորքն ամբողջովին ոչնչացված չէր, եւ ըստ տարբեր տվյալների՝ շուրջ 10 հազար զինվոր ու սպա նահանջում եւ ամրանում են Կըզըլչախչախի բնագծում՝ Ալեքսանդրապոլից 18 կմ հեռավորության վրա։ Գեներալ Հովսեփյանի զորամասերը մեծ կորուստներ չէին կրել եւ պետք է պահեին Կըզըլչախչախի կենտրոնական ուղղությունը, իսկ Սեպուհի ու Սմբատի կամավորականները՝ աջակողմյան ուղղությունը։ Թուրքական բանակը չէր շտապում գրոհել հայկական դիրքերը՝ սպասելով հիմնական ուժերին։ Սակայն առանձին գրոհային խմբեր՝ հիմնականում հեծելազորը, պարբերաբար հարձակվում էին՝ փորձելով թույլ չտալ հայերին արագորեն ամրանալ նոր բնագծերում։ Այս մարտերում հայկական զորքին մեծ աջակցություն էր ցույց տալիս «Ազատամարտ» զրահագնացքը, որը ոչ միայն մարտերով հետախուզում էր թուրքերի տեղաշարժը, այլեւ գնդացրային ու թնդանոթային հարվածներով աջակցում հայկական զորքերին։

10 հազար զինվորը զգալի ուժ էր, որը կարող էր դեռ դիմակայել թուրքերին, սակայն զորքի բարոյահոգեբանական վիճակը հուսահատական էր։ Դասալքությունը մեծ չափերի էր հասել, եւ Կըզըլչախչախի դիրքերում հազիվ 5 հազար զինվոր ու սպա կար։ Ըստ Կարո Սասունու՝ միայն Սեպուհի զորամասն էր, որ կարողացել էր կանոնավոր նահանջել ու պահպանել զորակազմը։ Սմբատի խմբում մնացել էր շուրջ 200 զինվոր՝ «մնացածները, բանակեն բաժնված, իրենց տուներն էին վազած, որպեսզի կարողանային իրենց ընտանիքները փոխադրել պատերազմի դաշտեն»։ Ինչ վերաբերում է Կըզըլչախչախում տեղավորված զորքին, ապա այն ամբողջությամբ համակված էր «պարտվածի հոգեբանությամբ»։ Շիրակում նահանջն ու անկարգությունները վերացնելու նպատակով ստեղծվել էր արտակարգ լիազորություններ ունեցող մարմին, որը փորձում էր կանխել զորքի բարոյալքումը, սակայն առանձնապես հաջողություններ չէր ունենում։

Շուտով նրանց է միանում նաեւ Սմբատը, որն իր մարտիկների հետ կարողանում է մասամբ կանխել զորքի կազմաքանդումը։ Սմբատի հրամանով զինաթափվում է շուրջ 3 000 զինվոր, որոնց թվում կային նաեւ բոլշեւիկներին հարողներ, ապա գեներալ Հովսեփյանն ու սպաներն անցնում են իրենց պարտականությունների կատարմանը։

ԱՌԱՋԻՆ ԳՐՈՀԸ

Թուրքական բանակն առաջին խոշոր գրոհը սկսում է նոյեմբերի 4-ին։ Կըզըլչախչախի կենտրոնական ուղղությունը կարողանում է դիմադրել հակառակորդին։ Աջ թեւում՝ Ղըմլիներում, Սեպուհի մարտիկները կասեցնում են Աղբաբան գրավելու եւ Ալեքսանդրապոլը թիկունքից գրոհելու թուրքական բանակի փորձերը։ Համառ մարտեր են ծավալվում նաեւ ձախ թեւում, որտեղ կռվում էին գնդապետներ Հասան-Փաշայանի եւ Ղորղանյանի գնդերը։

Թուրքական բանակի մարտավարության մասին հետաքրքիր դիտարկումներ կան ականատեսների վկայություններում։ Ըստ նրանց՝ թուրքերը հայկական դիրքերը գնդացրային գրեթե անընդմեջ կրակի տակ էին պահում, որը ոչ միայն կորուստներ էր պատճառում, այլեւ հոգեբանական ճնշում էր գործադրում։ Այս մարտավարությունը նրանք կիրառել էին նաեւ Կարսում, հատկապես հայկական նահանջող զորամասերը ցրելու, նահանջն անկազմակերպ դարձնելու համար։

«Թուրքերը սովորություն դարձուցած էին 4-5 կիլոմետր հեռավորութենեն գնդացիրային կրակ բանալու մեր դիրքերուն դեմ։ Արդեն հայտնի էր, որ գնդացիրը 2 կամ 2.5 կիլոմետրեն անդին չի հասցներ իր գնդակը։ Այդ գիտակցությունն իսկ չէր օգներ. զորքը խուճապի կմատնվեր եւ իր գրաված դիրքերը թողած՝ ավելի թիկունք կքաշվեր։ Սպաները հուսալքված ու հոգնած քարշ կու գային իրենց վաշտերու եւ գումարտակներու ետեւեն, փոխանակ կռվի մղելու իրենց ենթակա զորամասերը»,- գրում է Կարո Սասունին։

Նոյեմբերի 4-ի երեկոյան հայկական ուժերը, չդիմանալով հակառակորդի ճնշմանը, սկսում են նահանջել Կըզըլչախչախից. նոր դիրքերն ընդամենը 10 կիլոմետր էին հեռու Ալեքսանդրապոլից։

Դեռեւս նոյեմբերի 1-ին կառավարությունն Ալեքսանդրապոլ է ուղարկում մի շարք բարձրաստիճան զինվորականների ու պետական պաշտոնյաների՝ Հովհաննես Քաջազնունուն, Լեւոն Շանթին, զինվորական նախարար Ռուբենին, շտաբի պետ Թովմաս Նազարբեկյանին։ Նրանք պետք է փորձեին կազմակերպչական հարցերը լուծել, կանգնեցնել խուճապը եւ բարձրացնել զորամասերի մարտական ոգին։

Նրանց ջանքերն առանձնապես արդյունք չէին տալիս, որովհետեւ, ինչպես նշում են բազմաթիվ աղբյուրները, սպաներն ու զինվորները ոչ միայն կորցրել էին կռվելու կարողությունը, այլեւ սպասում էին զինադադարի։

Բացի այդ, Կըզըլչախչախի նահանջից հետո Ալեքսանդրապոլում լիարժեք խուճապ էր, որն ունենում էր շատ անցանկալի հետեւանքներ։ Քաղաքի ղեկավարությունը եւ պետական բազմաթիվ պաշտոնյաներ թողել էին իրենց աշխատանքն ու հեռացել։ Քաղաքում նկատվում էին թալանի, անարխիայի դրսեւորումներ։ «Բոլոր պաշտոնյաների փախուստն անսպասելի էր միանգամայն եւ միանգամայն դատապարտելի։ Առանձնապես զգալի է ֆրոնտի պարենավորման կոմիսար Արեշյանի փախուստի հետեւանքը, որովհետեւ ֆրոնտին հաց հասցնելը ամենաանհրաժեշտ գործն էր։ …Փախչելով քաղաքից, քաղաքագլուխ Պ. Լեւոնյանը եւ նրա օգնական Ա. Մակարյանը քաղաքային գանձարկղից գողացել եւ իրենց հետ տարել էին մեծ քանակությամբ թանկարժեք իրեր եւ շուրջ 22 միլիոն ռուբլի» (Էդվարդ Զոհրաբյան, 1920թ. թուրք-հայկական պատերազմը եւ տերությունները, Երեւան, 1997թ.. էջ 276):

ԶԻՆԱԴԱԴԱՐԸ

Կըզըլչախչախի մարտերից երկու օր առաջ՝ նոյեմբերի 3-ին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը զինադադար է խնդրում Թուրքիայից։ Համո Օհանջանյանի ստորագրությամբ ուղարկված նոտայում ասված էր, որ Հայաստանը ձգտում է իր հարեւանների հետ խաղաղ հարաբերություններ ստեղծել։ «Հայաստանի ժողովուրդի եւ կառավարության համար միանգամայն անհասկանալի է Ձեր զորքերի առաջխաղացումը դեպի Հայաստանի սահմանները, առանց բացատրելու պատճառներն ու նպատակները»,- ասված էր Օհանջանյանի նամակում։ Հայաստանի իշխանությունները դիմում էին Թուրքիայի Ազգային մեծ ժողովին՝ պատրաստակամություն հայտնելով ցանկացած պահի եւ ցանկացած վայրում հանդիպելու եւ բոլոր հարցերը քննարկելու։

Երկու օր անց՝ նոյեմբերի 5-ին, հայկական 4-րդ գնդի սահմանում թուրքական կողմից հայտնվում է մի հայ կին, որը բերել էր գերության մեջ գտնվող Արտաշես Բաբալյանի նամակը։ Այն գրվել էր նոյեմբերի 1-ին, սակայն պատերազմական թոհուբոհի պայմաններում հասկանալի պատճառներով հայկական կողմին էր հասել մի քանի օր անց։ Արտաշես Բաբալյանը Կարսից առաջարկում էր բանակցություններ սկսել քեմալականների հետ։ «Վերջին դեպքերն ու իրադրությունը ինձ դրդում են առաջարկելու մեր կառավարությանը բանակցությունների մեջ մտնել Անատոլիական կառավարության հետ՝ արյունահեղությունը դադարեցնելու եւ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար։ Իմ կարծիքի հետ համաձայն են գեներալներ Փիրումովը, Արարատովը, Ղազարովը եւ գնդապետ Վեքիլովը»,- գրել էր Բաբալյանը։

Իհարկե, հնարավոր է, որ նամակը գրված լիներ որոշակի պարտադրանքի պայմաններում, սակայն իրադրությունն այնպիսին էր, որ զինադադարի առաջարկ հայերի կողմից այսպես թե այնպես արվելու էր։

Էդվարդ Զոհրաբյանն ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ նոյեմբերի 2-ին Անատոլիական կառավարությունը հայերի հետ բանակցություններ սկսելու առաջարկություն էր ուղարկել, որը, սակայն, Կարաբեքիր փաշան հայկական կողմին ներկայացրել էր երեք օր անց՝ նոյեմբերի 5-ին։ Հնարավոր է, որ այս ուշացումը Կարաբեքիրի անձնական նախաձեռնությունն էր, որով փորձում էր հայկական կողմի հետ բանակցություն սկսել Կըզըլչախչախի հաղթանակից հետո։

ԿԱՐԱԲԵՔԻՐԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ

Նույն օրը Կարաբեքիրը հայկական կողմին հայտնում է, որ զինադադարի մասին Հայաստանի առաջարկությունն ուղարկել է Անգորա եւ սպասում է պատասխանի։ Բայց մինչեւ պաշտոնական պատասխանը, ինքը պատրաստ է զինադադար հաստատել հայերի հետ՝ հետեւյալ պայմաններով.

1. Արփա գետից արեւմուտք գտնվող հայկական զորքերը, Ալեքսանդրապոլը մաքրելով, առնվազն 15 կմ պետք է քաշվեն դեպի արեւելք։

2. Թուրքերը չէին մտնելու Ալեքսանդրապոլ, բայց իրենց վերահսկողությունն էին հաստատելու բերդում եւ կայարանում։

3. Հաշվի առնելով Ալեքսանդրապոլի կարեւոր նշանակությունը որպես Թիֆլիս-Երեւան երկաթուղու միացման կետ՝ քաղաքի շրջակա հատվածը՝ մոտ 10 կմ, անցնում էր թուրքական բանակի վերահսկողության տակ։

Փաստորեն, թուրքական բանակը ոչ թե զինադադար էր հայտարարում, այլ դրա անվան տակ ստիպում էր հայկական զորքերին նահանջել։ Միաժամանակ, թուրքերը մինչեւ նոյեմբերի 7-ի առավոտյան ժամը 8-ը ժամանակ էին տալիս այս պայմաններն ընդունելու համար, հակառակ դեպքում սպառնում էին անմիջապես հարձակման անցնել։

Նոյեմբերի 7-ի վաղ առավոտյան հայկական կողմը՝ վարչապետ Օհանջանյանը, զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը եւ բանակի հրամանատար գեներալ Նազարբեկյանը, հեռագրում է Կարաբեքիրին, թե ընդունում է վերջնագրի պայմանները։

Զինադադարը ստորագրելու նույն օրը հայկական զորքերը սկսում են նահանջել։ Մի մասը Սեպուհի հրամանատարությամբ զբաղեցնում է Ջաջուռի բարձունքները, գնդապետ Ղորղանյանն իր զորքով ամրանում է Աղին-Անի գծում՝ պահելով դեպի Արարատյան դաշտավայր տանող ճանապարհը։ Գեներալ Հովսեփյանի ուժերը նահանջում են Հոռոմ՝ Արագածի ստորոտի ուղղությունը պահելու։ Ալեքսանդրապոլը թողնելով՝ ծանր դրություն է ստեղծվում նաեւ Իգդիրի ռազմաճակատի համար, եւ հայկական զորքերն այնտեղ նույնպես նահանջում են. անցնում են Մարգարայի կամրջով, ապա հրդեհում այն եւ ամրանում նույնանուն գյուղում։

«Հրաման տրվեցավ պահակներուն՝ կողոպտիչները եւ դասալիքները տեղն ու տեղը գնդակահարելու։ Երկու գնդակահարություն իսկ տեղի ունեցավ, բայց անօգուտ, որովհետեւ քաղաք թափված էին դասալիք զինվորներ, որոնց բազմության դեմ պահակները անզոր էին։ Խանութներ կկողոպտեին, իրարու գրպան կդատարկեին… Այս արարքներու առաջքը ոչ զինվորական եւ ոչ ալ քաղաքացիական իշխանությունները կարող էին առնել, որովհետեւ նոյեմբերի 5-ի արշալույսին, զինվորական եւ քաղաքացիական իշխանությունները քաղաքը կթողնեին»,- գրում է Կարո Սասունին։

ԹՈՒՐՔԵՐԻ ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Ալեքսանդրապոլից հայերի նահանջելուց հետո թուրքերն անմիջապես նոր պահանջներ են առաջ քաշում։ Նրանք ուզում էին, որ հայերն իրենց հանձնեն հազարավոր հրացաններ, տասնյակ գնդացիրներ ու թնդանոթներ, եւ մեծաթիվ ռազմամթերք։ Սակայն ամենածանրն այն էր, որ հայկական ուժերը երեք օրում է´լ ավելի մեծ տարածքներ պետք է թողնեին թուրքերին։ «Առավելն 3 օրվա ընթացքում հայկական կանոնավոր եւ անկանոն զինված ուժերը Սուրմալու-Արաքս կայարան-Ալագյազ լեռան լանջը-Տանագերմազ-Նովո Միխայլովկա-Լոռիքենդ գծից արեւելք պիտի քաշվեն»,- գրում է Սիմոն Վրացյանը։

Գրեթե նույն պահին ստացվում է նաեւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատասխանը, որի համառոտ ամփոփումը նշանակում էր հրաժարվել Սեւրի պայմանագրից եւ բոլոր վիճելի հարցերը լուծել տեղում։ Նոյեմբերի 10-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարին ուղղված գրությամբ Օհանջանյանը համաձայնում է անհապաղ բանակցություններ սկսել Ալեքսանդրապոլում։ Այստեղ, սակայն, կառավարությունից անկախ ու վճռական գործողությունների է դիմում Կարաբեքիր փաշան։ Նա հայտնում է, որ «իր պայմանները եւ կառավարության պայմանները չպետք է շփոթել», ու քանի որ Հայաստանը չի ընդունում զինադադարի պայմանները, ինքը վերսկսում է ռազմական գործողությունները։

Մեկ օր անց թուրքական բանակն արդեն գրոհում էր Ջաջուռի եւ Աղինի ուղղություններով։ Հոռոմի շրջանում տեղակայված գեներալ Հովսեփյանի զորամասը չի կարողանում օգնություն ցուցաբերել թեւերին, որովհետեւ զորքը հուսալքված էր, եւ հեռախոսային կապն իսպառ բացակայում էր։ Այս ուղղության հրամանատարներից մեկը՝ գնդապետ Հարությունյանը, զեկուցում էր Հովսեփյանին, թե թշնամու գերակշիռ ուժերի ճնշման տակ իրենց զորախումբը նահանջել է։ Կարո Սասունին վկայում է, որ թուրքական հարձակվողներն իրականում շատ քիչ են եղել, եւ հայերը գրեթե առանց դիմադրության են նահանջել։ «Ես անձամբ տեսած էի Հոռոմի վրա եկող 25 թուրք ձիավորներ եւ անոնցմե հեռուն գտնված 250-300 թրքական զինվորները։ Ինչ որ ամենեն կարեւորն էր, ես ականատես էի, որ առանց ընդհարումի էր, որ գյուղը պարպվեցավ։ Թերեւս կռիվի ընթացքին թուրքերը նոր ուժեր հայտ բերեին, բայց այդ ժամանակ շատ քիչ էին»,- գրում է նա (Կարո Սասունի, Հայ-թրքական պատերազմը, Հայրենիք, 1923թ., թիվ 9, Բոստոն)։

Թուրքերին շրջանցիկ, հետախուզական հարված է հասցնում Սմբատի ջոկատը. մոտ 120 հեծյալ Մոլլա-Գյոկչայի վրայով դեպի Բայանդուր են շարժվում՝ ընդհարվելով թուրքերի առաջապահների հետ։ Հայկական մյուս ստորաբաժանումները՝ «4 000 զինվորները իրենց ամբողջ կազմածներով լուռ կմնային»։ Հենց այդ մարտերում էլ ծանր վիրավորվում է Սմբատը, որին շուտով տեղափոխում են Երեւան։

Նոյեմբերի 16-ին թուրքական զորքերը վերցնում են Ջաջուռը, եւ հայկական ուժերը նահանջում են մինչեւ Համամլու (Սպիտակ)։ Նոյեմբերի 22-ին Հայաստանի կառավարությունն ընդունում է զինադադարի պայմանները՝ միաժամանակ դիմելով Մոսկվայի միջնորդությանը։

Ռազմական գործողությունները, կարելի է ասել, ավարտվում են, եւ սկսվում է բանակցային դժվարին գործընթացը։ Հայկական պատվիրակությունը, որի կազմում էին Աբրահամ Գյուլխանդանյանը, Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանը, խորհրդարանի անդամներ Վահան Մինախորյանը եւ Լեւոն Զարաֆյանը, մեկնում են Ալեքսանդրապոլ՝ թուրքերի հետ բանակցելու։

***

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան