Արցախի արտգործնախարար. Ադրբեջանը ոչնչացնում է Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակը գրավյալ գյուղերում

91

մեկնաբանելով վանդալիզմի եւ հուշարձանների պղծման մասին հաղորդումները Ղարաբաղի օկուպացված գյուղերում:

«Ադրբեջանի քաղաքականությունն Արցախի օկուպացված տարածքներում չի տարբերվում ցանկացած զավթչի եւ բռնազավթողի պահվածքից. ոչնչացվում է մշակութային ժառանգությունը, կողոպտվում է ունեցվածքը: Սակայն այստեղ մենք նաեւ հստակ արտահայտված աշխարհաքաղաքական միտումներ ենք տեսնում: Մասնավորապես, ակտիվորեն ոչնչացվում են հուշարձանները եւ ընդհանրապես այն գործիչների հիշատակը, որոնք ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ Սովետական ​​Միության հաղթանակի եւ  շագանակագույն ժանտախտից մարդկության փրկության գործում:

Շուշի քաղաքում ոչնչացվել է Խորհրդային Միության կրկնակի հերոս, հայտնի ռազմական օդաչու Նելսոն Ստեփանյանի հուշարձանը, որի արժանիքներն ու գործերը ոսկե տառերով են գրված Հայրենական մեծ պատերազմի պատմության մեջ: Մի քանի օր առաջ ոչնչացվել է լեգենդար անձնավորություն, ԽՍՀՄ գունավոր մետաղագործության նախարար, Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, Ճապոնիայում ԽՍՀՄ դեսպան Իվան Ֆյոդորովիչ Թեւոսյանի հուշարձանը: Հենց Թեւոսյանի շնորհիվ է ԽՍՀՄ-ը կարողացել գրեթե առանց կորուստների տարհանել արդյունաբերությունը երկրի արեւմտյան շրջաններից Ուրալ եւ այդպիսով փրկել արդյունաբերությունը, առանց որի անհնար կլիներ արդյունավետ թիկունք ստեղծել եւ հաղթել պատերազմը: Թեւոսյանը նաեւ առանցքային մասնակցություն է ունեցել ԽՍՀՄ ատոմային նախագծում: Մեծ մարշալներ Բաղրամյանի եւ Բաբաջանյանի հայրենիքում` Չարդախլու գյուղում, վաղուց ոչնչացվել են Հայրենական մեծ պատերազմի այս ականավոր հրամանատարների հուշարձանները: Մեծ հայերի` Թեւոսյանի ու Բաղրամյանի արժանիքներն այնքան մեծ են, որ նրանց աճյունները հանգչում են Կրեմլի պատի մեջ: Մեծ թախեր գյուղում ոչնչացվել է ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Սերգեյ Ալեքսանդրովիչ Խուդյակովի (Արմենակ Խանֆերյանց) հուշարձանը: Ազոխ գյուղում ոչնչացվել է Խորհրդային հակաօդային պաշտպանության համակարգի հիմնադիր հայրերից մեկի` գեներալ-գնդապետ Սերգեյ Սարդարովի հուշարձանը: Ծովակալ Իվան Ստեպանովիչ Իսակովի հիշատակը ոչնչացվում է նրա հայրենի Հադրութի շրջանում:

Թվարկված օրինակները հստակ ցույց են տալիս Ադրբեջանի իշխանությունների գործողությունների պանթուրքական բնույթը: Ֆաշիզմի դեմ պայքարած մարդկանց հիշատակի ոչնչացումը ֆաշիզմի աջակցություն է: Այս ամենն ուղղված է ոչ միայն եւ ոչ այնքան հայ ժողովրդի, որքան բոլոր այն երկրների դեմ, որոնք մասնակցել են եւ միլիոնավոր մարդկանց կյանքի գնով հաղթել են Երկրորդ աշխարհամարտում եւ Հայրենական մեծ պատերազմում, առաջին հերթին` Ռուսաստանի:

Սակայն ուշադրությունը շեղելու համար Ադրբեջանի ղեկավարությունը ցանկացած առթով խոսում է Նժդեհի մասին, օգտագործում է ցանկացած հնարավորություն հարձակումների համար: Մինչդեռ, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված բոլոր բնակավայրերում պղծվել են Հայրենական մեծ պատերազմի գրեթե բոլոր հուշարձանները: Ամենալկտի գործողություններից մեկը հուշարձանի պղծումն էր  Ավետարանոց գյուղում: Մենք մեր պարտքն ենք համարում մեկ անգամ եւս միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել վանդալիզմի եւ նեոֆաշիզմի այս դրսեւորումների վրա»,- ասաց Դավիթ Բաբայանը:

News.am