Երեք տասնամյակ անց շղթաները կրկին կաշկանդում են մեզ

277

Երեք տասնամյակ անց շղթաները կրկին կաշկանդում են մեզ

1992թ. մայիսին Արցախի ինքնապաշտպանական ուժերը հաջողությամբ կասեցնելով մայրաքաղաք Ստեփանակերտի հարավարևմտյան հատվածների վրա ձեռնարկված հարձակումներն ու ազատագրելով բերդաքաղաք Շուշին` ձեռնամուխ եղան չորս տարի շարունակ Արցախը մայր Հայաստանից անջատ պահող Բերձորի (Լաչինի) միջանցքի բացմանը: Մայիսի 18-ին միջանցքն արդեն ազատ էր: Դա Արցախյան ազատամարտի հիմնաքարային ու թերևս ամենաբովանդակային գործողությունն էր, որ կոտրեց արցախահայերին մահվան օղակի մեջ պահող քառամյա շղթան: Դա արցախահայության կյանքի ուղին էր, այն բացվեց մայր Հայաստանն ու Արցախը հավերժորեն իրար ձուլելու նպատակով, և միայն դավաճանը կարող էր նպաստել դրա հանձնմանը: Միջանցքի ազատագրման օրը Գորիս քաղաքից Զաբուղ-Լաչին-Բերդաձոր-Լիսագոր-Շուշի ճանապարհով Ստեփանակերտ հասավ առաջին ավտոշարասյունը, որպես հաղթանակի շոշափելի ավետիս: Այդ կարևոր իրադարձությունը խիստ ուշագրավ և գեղարվեստականորեն է ներկայացնում Բ. Ուլուբաբյանը.
«…առաջին ավտոշարասյունը, որը քառամյա շրջափակումից ու չդադարող հրետակոծությունից հյուծված, քրքրված Ստեփանակերտին էր տանում բազմատեսակ սնունդ, դեղորայք, փրկության աղաղակ ու երջանկության ավետիս»:

Նույն օրվա երեկոյան ռուսական հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ նորանկախ հանրապետության առաջին դիվանագետը:
Անդրադառնալով Բերձորի ռազմագործողություններին, նա ի լուր աշխարհի, ամենայն հպարտությամբ հայտարարեց.
«Մենք ստիպված էինք ջարդել մեզ կաշկանդող շղթաները: Չորս տարվա դաժան շրջափակումը, Ադրբեջանի անպատիժ չարագործությունների և մանավանդ աշխարհի մեծերի անտարբերությունը հուշեցին, որ փրկվելու այլ միջոց չկա, քան սեփական ուժերի լարումն ու հասցնելիք վճռական հարվածը»:

Շուրջ երեք տասնամյակ անց, դավադիր պատերազմի արդյունքում, կրկին փակվեց Բերձորի միջանցքն ու օղակեց Արցախը: 1992թ. մայիսի 18-ին փշրված շղթաների օղակներն ազերիները երեք տասնամյակ հատիկ-հատիկ հավաքեցին ու օգտվելով Հայաստանում տիրող պետական անմեղսունակությունից, կրկին կաշկանդում են մեզ` չորս կողմից շղթայելով ազատ Արցախը` խաչ քաշելով «ազատ» բառի վրա: Ցավոք, հիմա շղթաները երկուսն են, մեկն էլ ներսում` մայրաքաղաքում:
Իսկ մինչ այդ, մինչ այդ բաղձալի օրը, մինչ վճռական հարվածի պահը, չերերացող նպատակով պետք է միշտ հիշենք` շղթաները կրկին կաշկանդում են մեզ:

Կաշկանդում են ներսից ու դրսից:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ