Ճնշող մեծամասնությունը իրենց բացարձակ պատասխանատու չեն զգում այն աղետին, որն իրենք են բերել

70

Լրագրող Արա Մարտիրոսյանի ՖԲ էջից, –

Նայում եմ 2018-ին դասադուլ անողների եւ փողոցներ փակողների (այդ թվում իմ ուսանողների) էջերին, որոնք դեռ մնում են ընկերներիս մեջ ու չեմ դադարում զարմանալ։ Ճնշող մեծամասնությունը իրենց բացարձակ պատասխանատու չեն զգում այն աղետին, որն իրենք են բերել, ոմանք չեն էլ զգում, որ աղետի ենք բախվել, ոմանք նոյեմբերին անգամ նիկոլին սատարող ֆլեշմոբի էին միանում, ոմանք իսկապես ցավ են զգում Արցախի, Շուշիի, մեր զոհված տղերքի համար, բայց դարձյալ չեն հասկանում, թե ո՞վ է մեղավոր եւ ինչպե՞ս դա եղավ, անգամ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում ապրողները չեն զգում, որ թուրքադրբեջանական վտանգը անմիջապես իրենց տան մոտ է եւ շարունակում են ապրել նույն անհոգությամբ։

Բուհում դասավանդելուս տարիների ընթացքում ավելի քան երկու հարյուր ուսանողների հետ եմ աշխատել։ Այսօր Բաղրամյան պողոտայում պայքարողների մեջին տեսնում եմ միայն մեկի՝ Արգինեին։ Գուցե էլի մի քանի հոգի տարբեր պահերի մասնակցում են Հայաստանը փրկելու պայքարին՝ ոչ ավելին։ Մինչդեռ, 2018-ին արտաքին ուժերի կողմից իրականացվող իշխանության զավթմանը տասնյակներով էին մասնակցում, անգամ վիրավորվում էին, երբ զոմբիներ էին անվանում բոլոր նրանց, ովքեր մասնակցում էին այդ ամենին։ Այդ ընթացքում բացատրում, հիմնավորում, փաստարկներ էի ներկայացնում, թե ի՞նչ աղետ է մեզ սպասվում՝ իզուր։

Մի անգամ երբ խոսք էր գնում 90-ականների մասին, ասացի, “Աստված մի արասցե, որ դուք տեսնեք այդ տարիները, բայց դուք համառորեն գնում եք դեպի դրան”։ Ոնց կուզենայի, որ գոնե այդ ասածս սխալ լիներ ․․․

Երկրի անվտանգության առումով հիմա շատ ավելի վտանգավոր վիճակում ենք, քան 90-ականներին։ Այս պահին Սյունիքը, հետեւաբար եւ ամբողջ Հայաստանը ադրբեջանաթուրքական ներխուժումից զերծ է պահում  միայն ․․․ Ռուսաստանի դրոշը, բարձրացված ռուս սահմանապահների ուղեկալների վրա։ Մենք անգամ նոր առջնագիծ չենք ձեւավորում եւ մնալու ենք նույն անպաշտպան վիճակում, քանի դեռ իշխանությունը թշնամու դրածոներն են մեր երկրում։ Նման վիճակում ո՞նց կարելի է մնալ այսքան անտարբեր։

Ի վերջո, մեզ բոլորիս այս վիճակի մեջ գցողներ, համարձակություն ունեցեք, ընդունեք ձեր սխալը եւ միացեք պայքարին։ Այսօր եւս Բաղրամյանում հանրահավաք է ժամը 15-ին, եկեք այնտեղ, կամ գոնե ձեր շրջապատում, ձեր էջի միջոցով պայքարեք։ Շատերդ արդեն ամուսնացել եք եւ երեխաներ ունեք, արեք դա գոնե հանուն ձեր ընտանիքի եւ երեխաների ․․․ Ոչ թե հետո ուշ կլինի, այլ արդեն շատ ուշ է, մի սպասեք, որ մի նոր 1915 լինի, որից արդեն ոչ ոք ողջ չի մնա ․․․ Արա Մարտիրոսյան