Ազատություն, ազատություն Բարաբբային

170

   Շատ եմ մտածել հայտնի ֆիլմի, հայտնի արտահայտության շուրջ, որն արտաբերում է կոլորիտային դեմքով մի քահանա, ում մորուքի սեզերից հեղինակավոր ելնում է. «Համայնքը զորավոր է» արգելանքը: Որքան էլ փորձենք մտովի ետ գնալ, ծամծմել պատմության խամրած ժապավենը, հասնել մինչև մարդկության տոտեմիստական հավատալիքների համր ենթադրությունների ժամանակաշրջան՝ այս արտահայտությունը միակ իշխողն է եղել: Քարանձավացեղային պարզունակ այս դատողությունը մեր օրերում, իհարկե, հնչում է իբրև սոփեստական մի եզրույթ ու ճշտիվ արտացոլում մարդկային կենսակերպի հիմունքները: «Մեծամասնություն» կոչվածը, որը սոսկ մարդկային բնութագրումն է ոհմակի, երամի, պարսի՝ իշխող է եղել մի՛շտ: Ասենք՝ այլ բանաձև նորօրյա «ինտերակտիվ» մարդու ուղեղը չի էլ բստրել:

    …Տարերային թափով ժողովվում են համակիրները՝ ընդհանուրի անվերծանելի կարծիքը շալակած ու մոլեգին, ժխորային տենդով դեպի խաչն են հրում Քրիստոսին: Ահա մեծամասնական մեր աշխարհի թեորիան. շահում և շահվում են Բարաբբաները, որոնք իրենց անօրինակ հրապուրանքով բթության շղարշի տակ են առնում մարդկային դյուրավառ դատողությանը:

     Սկզբում լինում է քարոզ. վազվզող պոչատները, խոսքից չորացած բերաններով բացատրում են ամեն ինչ, ճզմում նորանոր խոստումներ, որոնք ճկվում, վերածվում են  ստերի, դյութում խումբ առ խումբ բոլորին ու ձգվում դեպի բազկաթոռը: Ահա, սա էլ այսօրվա «ընտրություն» կոչվածը:

    Մենք քաշում ենք Բարաբբայի ժահրոտ գոյությունը մեր ուսերին, և խարդավանքի հերթական օրը սիզիփոսյան տաժանակրություն է թվում: Ապշելիք է. դեռ կան մարդիկ, ովքեր տենչ ունեն դեպի այս «խելագար միապետ»-ի սանձը, ովքեր թամբվելու կիրք ու հագուրդ ունեն, տենդագին վրնջում են այս մարդու անունը, և նրանք մեծամասնություն են երևում: Նրանք՝ էյֆորիկ մեգերում խարխափող «չնչին մարդուկներ»-ը, որ հենց այսօր էլ ձայնում են. «ազատություն Բարաբբային», ու իսպառացման  տանում մեր արդեն իսկ կծկված երկիրը: «Համայնքը զորավոր է»: Քանի դեռ մեծամասնությունն է որոշելու կարևորագույն խնդիրների լուծումը, այլ ոչ՝ հասարակության մտածող շերտը, ուրեմն. «ազատություն, ազատություն Բարաբբային»:

Հ.Գ. Կան մտազուրկ մոլորյալներ, ովքեր կենսաբանական նկատառումներով չափահաս են և իրավաբանական եզրույթով՝ քվեարկման ենթականեր, պնդում են, որ իրենց վարչապետը միակ արդարն է անդրկովկասի, աշխարհի, մոլորակի, գալակտիկայի մասշտաբով: