«Փնտրելով այստեղ այն ամենն, ինչ դեռ սեր է…». Ավագ Եփրեմյան

74

Աշնան բառարանին հակված,
մառախուղի մեջ հազիվ նշմարելով երկնքի ծերը,
գուրգուրելով երկրային օրերս ավերակված,
փնտրելով այստեղ այն ամենն, ինչ դեռ սեր է,
մի պահ, միայն մի պահ ընկրկում եմ.
երերացող աստղեր, չխորտակվեք,
ինձ բավական է նաեւ այս շնորհ-պրկումը՝
աշնան բառարանին հակվել:
Աշխարհն ապրել եմ ես, այն էր, ինչ կար,
քիչ էլ կբոցկլտամ որպես հրաժարում,
ապա՝ ամբողջ արտասուքի կաթիլ շնորհընկալ՝
կսուզվեմ աշնան բառապաշարում:

***

Տեսա անհուն ու դատարկ են քաղաքիս բոլոր փողոցները,
տեսա փլված է մանկությանս ստնտու տաճարը միակը,

երազած – որոնած բառերս հանկարծ անավյուն ու ծեր են,
եւ ցնծումնավոր է միմիայն օրերի շքերթադիակը…

Դռանս, որպես թե մեկը անփույթ-անտագնապ թափթփի,
դարերն են, դարերի բարքը, փառքը խառնագնաց ու շիլ,

ապա – սպասումի մեջ միլիոն փարիսեցի, մաքսավոր ու դպիր
զարհուր-տարակուսած՝ պահի վերջնա-ողբերգական ուժից։

***

Ձմեռը մտնում է քաղաք
մարդկային սրտերի միջով,
մարդկային սրտերի միջից
ձմեռը մտնում է քաղաք,
եւ որքան սրտերը՝ արջնած,
այնքան ցրտերը՝ դաժան,
այնքան բառերն՝ անպարզ,
այնքան արեգակը՝ թեք,
եւ հոգիները՝ միայնակ,
ու առավել քան իրական,
եւ ավագ հանգրվանն՝ հեռու,
եւ մեղքը՝ հսկա լեռնապար,
եւ վշտի դաշտերը՝ բերրի,
եւ կրքի վաշտերն՝ անհագուրդ,
եւ ամեն անակնկալ վարդ —
ասես գերեզմանոցում աճի…
եւ երգի ձայներ չկան,
բայց ինչ-որ շշուկներ են սվսվում՝
հատելով դատարկ փողոցները,
մարդկային սրտերը, գործերը,
քաղաքը — ինչպես քամին,
որից, այդ քամուց, սարսռում են
բառերը, մեղքերը, վարդերը՝
հար անակնկալ հայտնված…
մարգարե-գուշակի նման՝
ակնկալելի հայտնությամբ
կամ որպես հերթական նշան,
ձմեռը մտնում է քաղաք։

***

Այն Երկիրը, որը նման է
ուրիշ երկրների, Հայաստանը չէ,
և Հայաստան չէ առհասարակ.

բանաստեղծություն է, որը, գուցե,
գրել են ներշնչանքից առաջ կամ հետո,
ստվեր, որը չի ճանաչում իր լույսը,
խաղաղություն չընդգրկող պատերազմ,
ցերեկվա խավար, գիշերվա բնազդ,
մարգարե, որ ժամանակների մեջ պարապ
թափառելով՝ անհուսորեն հետ է ընկել
Ժամանակից, պարտություն է կամ
հաղթանակ, երբ ճակատամարտ չկա էլ,
մահ է, որ հասու է յուրաքանչյուրին,
ու փորձություն, որը չի կրելու ոչ ոք…

Իսկ բառերը – եթե նույնիսկ գրված են
քարերի վրա – ծփում են ալիքների պես
(քանզի ծնվել են առաջին ջրերից),

ուրեմն վաղուց վերևում բերված
հերթականությունն այլևս չունեն…

Ավագ Եփրեմյան