Վեր կաց. Լևոն Սարգսյանի հիշատակին

61

(Լևոն Սարգսյանին)

Ո՞ր աշխարհքում ունեմ շատ բան. միտք եմ անում` է՞ս, թե՞ էն.
Մեջտեղ կանգնած` միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե՞ էն.
Աստված ինքն էլ տարակուսած չի հասկանում` ինչ անի,
Տանի՜, թողնի՜, ո՞րն է բարին, ո՞ր սահմանում, է՞ս, թե՞ էն:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Աշխարհ եկող ամեն հարազատ մարդու հետ վերածնվում եմ և աշխարհից հեռացող ամեն հարազատ մարդու հետ մոտենում եմ անդրաշխարհի սահմանագծին։ Ու դեռ ապրում եմ՝ նաև հուշերով։ Ու զարմանում եմ, որ ապրում եմ դեռ։ Ախր այսքան կորուստներից հետո անհնար պիտի լիներ ապրելը։ Եվ այս ինքնաբուխ խոսքս քեզ եմ ասում։ Քե՛զ եմ ասում, Լև՛ոն Սարգսյան, ու գիտեմ՝ ասելիքս հասնում է քեզ։ Ու գիտեմ՝ թեթև քմծիծաղ-ժպիտ է խաղում դեմքիդ: Ու բարձրաճաշակ, ազնվական բանասերիդ խոսքն եմ լսում, որ ունկերիս մեջ հնչում է մեր բանավոր զրույցների հուշաձայնով, քո հրապարակախոսական, լեզվաբանական ու գրականագիտական հոդվածների, խորախորհուրդ հարցազրույցների, աֆորիզմների ու բանաստեղծությունների տողերից։

Մեր մեծասքանչ լեզվի Զինվորիդ ձայնն անլռելիորեն հնչում է և զգաստացնում։ Մեր կորցրած, բայց ո՛չ կորուսյալ հայրենիքի, մեր Մշո ու Ալաշկերտի անուշ բարբառի կարոտն եմ առնում այդ ձայնից։ Գիտեմ՝ հիմա կարդում ես այս գրածս ու քո չմահավանությամբ, որով քեզ էլ չէիր խնայում, գրիչ ես փնտրում, որ ուղղես- շտկես-մաքրես։ Ո՜ւր էր թե՝ վերցնեիր այդ գրիչն ու ջնջեիր ամբողջը։
Դե՛, վե՛ր կաց։ Վերցրո՛ւ գրիչդ։ Քե՛զ եմ ձայն տալիս. – Ե՛լ, տղա՛, լսե՛ իմ ձեն։ Ես քու ձեն կլսի՛մ։ Դու չե՞ս լսե իմ ձեն։ Ե՛լ, խավարի դեմ քու բաժին կռիվ շարունակե՛։ Ե՛լ, մեր կռիվ չի՛ պրծե։ … Ու մեր զրույցն էլ վերջ չունի։ Ո՛ր աշխարհում էլ լինի՝ էս թե էն։

Խորեն Գասպարյան