Հաջորդ տարի Շուշիում` փառավոր արձանիդ առաջ ծնկած, Սպարապե’տ

215

Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, մարդու, ով իր քրտինք-արյունը նվիրաբերեց հայրենիքին` որպես մեր նորագույն պատմության փառավոր էջերից մի քանիսի ներկանյութ:

Նաև Վազգեն Սարգսյան նվիրյալի համառության շնորհիվ է հառնել Հայաստանի Հանրապետությունը, և վստահ եմ` ապագան պիտի լինի նրա նախանշածով «…Անկախությունը բացարձակ արժեք է: …21-րդ դարը հայերինն է լինելու»:

Չգիտեմ` ունե՞նք ավելի կայացած ինստիտուտ, քան հայկական բանակն է, թե ոչ, երևի ոչ, բանակը մեր ամենակայացած ինստիտուտն է. Վազգենը նաև այդ բանակի առանցքային հիմնադիրներից մեկն է:

Եվ այսօր, երբ բանակից ճողոպրած ազգային ու բարոյական դասալիքները բանակը պարտության են տարել ու բարոյալքման հասցրել այն, դժվար է Վազգենին ասել` ծնունդդ շնորհավոր:

Ես դժվարանում եմ շնորհավորել նրան, երբ մեր նորագույն պատմության պարծանք քաղաքում Շուշիում, 90-ականներին Վազգենի առաջ փախչող թուրքերի լամուկները Շուշիում պղծեցին ու ջարդուփշուր արեցին նրա նշանավոր արձանը: Դժվար է նրա պես մարդուն շնորհավորել, հատկապես երբ լավ գիտես, որ նոյեմբերի 9-ից հետո նրա հոգին հանգիստ չունի: Ես ամաչում եմ նրանից, բայց... Բայց...այնուամենայնիվ, շնորհավորում եմ նրան, շնորհավորանքս համարելով մի պարզ խոստում, որը հետևյալն է` հաջորդ տարի Շուշիում՝ փառավոր արձանիդ առաջ ծնկած, Սպարապե’տ: