Իսահակյանի ու Թումանյանի ուղևորությունը` Անի

482

 1901 թվականին Իսահակյանը և Թումանյանը ուղևորվում են Անի:
Հովհ.  Կոստանյանն էլ անմահացնում է երկու բանաստեղծներին`  Աշոտ Ողորմած թագավորի դամբարանի աջ ու ձախ կողմերում կանգնած:
Երբ երեքով Անիի պարիսպներին են մոտենում,  մթության մեջ պայթում է հրազենի կրակոց, պարզվում է` վանատան պահապանը մթության մեջ կարծել է, թե ավազակներ են: Իսահակյանը հիշում է.
«Մթության մեջ պայթեց հրացանը, որի գնդակն անցավ մեր երեքիս առաջով, եթե մի քայլ առաջ լինեինք, ով գիտե ինչ պիտի լիներ մեր վիճակը…
–  Տո՛,–  ասաց Օհաննեսը ծառային,  բերդանկա հրացանը տեսնելով,–  մի
գյուլլով երեք բանաստեղծի պիտի սպանեի՞ր:
–  Լավ պրծաք,  ըսել է`  ձեր վերջը չէր եկեր,–  ամենայն անտարբերությամբ
պատասխանեց ծառան» :[1]

1926 թվականին Ռուբեն Դարբինյանին հասցեագրված  նամակում  Ավետիք Իսահակյանը գրում է.

«Երևի մոտ ժամանակներս կմեկնեմ Երևան. ուղարկում եմ քեզ ոտանավորը, տպիր այս ստորագրությամբ : Եթե իմանան, որ իմս է, գլխիս փորձանք կբերեն, իհարկե` ոչ հայերը: Ուրիշները: Անին թուրքինն է: Խնդրում եմ, գաղտնի պահես: Ես գնում եմ, նպատակներ ունեմ: «Ուստա Կարո»-ի համար վերստուգել միջավայրը, իրերը, մարդիկ, լեզուն: Եվ աչքովս տեսնել` ու՞ր է գնում հայ ժողովուրդը, ու՞ր են տանում նրան: Ի՞նչ է սպասում, ի՞նչ է լինելու: Ես հին հայրենասեր եմ, համառ, անվերապահ: Սոցիալիզմը այնչափով  եմ ընդունում, ինչ չափով նա չի վնասելու ազգային իդեալներին:
Դու խելացի տղա ես, կհասկանաս ինձ»:[2]
Խոսքը «Անի» բանաստեղծության մասին է, որը տպագրվել է 1926 թ  «Հայրենիք» ամսագրում `  «Եր. Մովսիսյան» ստորագրությամբ.

Այստեղ երկնել են նախնիները իմ,
Դարձել է այստեղ նյութը գաղափար,
Հագել է այստեղ երազը մարմին,
Չքնաղ երազը, որ չունի կոպար:
Անի՛, դու չես լոկ հողեղեն մի գանձ,
Դու՛, ինքդ ես ոգին – մի ողջ ժողովուրդ,
Ամեն ձև այստեղ ոճ է գերազանց,
Ամեն ինչ այստեղ – իմաստ ու խորհուրդ:
Ես հոգուս աչքով` անցած ու ներկա
Վիճակդ եմ տեսնում` հենված մի սյունի,
Որ մարտնչելով դարեր ոտընկա,
Մեռնում է կանգնած, եթե մահ ունի:
Սաղավարտակիր, ձեռքիս տեգ ու նետ,
Կանգնել եմ բարձր բուրգիդ կատարին,
Ոստանիկներիդ, ռազմիկներիդ հետ
Լսում ենք վառված սեգ զորավարին:
Տափաստաններից, խուժանը վայրագ
Հորդել է, եկել – հեղեղ զայրագին,
Ուզում է, Անի՛, ընկճել լուծի տակ
Քո ստեղծագործ, թևավոր ոգին:
Խաժամուժ, խուժան` անծայր, անքանակ,
Դարեր խուժում են – խժդուժ, խոլարշավ,
Ճըչում խժաձայն, դնում են բանակ
Քո ցորենաշատ դաշտերում անբավ:
Եվ որոտում է շեփորը ռազմի,
Կռվում ենք մտած արյուն ու քրտինք,
Դարեր կռվում ենք ատամ ատամի,
Մեռնում ենք կանգնած, եթե մահ ունինք…
Քո հին թշնամին, Անի՛, չե՞ ս տեսնում,
Խուժել է նորից քո դաշտերի մեջ,
Բայց վառվում է դեռ մեր ակութներում
Հինավուրց ուխտի կրակը անշեջ:

Դու՛, հին դրոշակ, դու՛, բագին փառքի,
Հենվել եմ նորից քո անմահ սյունին.
Եվ սպասում եմ, և դարեր ոտքի
Քո իրավաբեր շեփորիդ ձայնին…


[1] Թումանյանը ժամանակակիցների հուշերում, էջ` 14:

[2] Կազմող՝ Արփիկ Ավետիսյան, Երևան, ԵՊՀ  հրատ., 2016,  474 էջ`241: