Սա քաղաքական հետապնդում է, չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը, ոչ մի ցուցմունք չեմ տալու. Վազգեն Մանուկյան

37

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե։ Լրագրողների հետ զրույցում Մանուկյանը անդրադառնալով քրեկան գործին, նշեց, որ քաղաքական հետապնդում է, չի պատրաստվում հարցերին պատասխանել։

«Ինձ չի հետաքրքրում ինչ հարցեր են տալու, որովհետև ես ոչ մի հարցի չեմ պատասխանելու, ոչ մի ցուցմունք էլ չեմ տալու։ Ես ասել եմ նախադասություններ, թող իրավաբանները մեկնաբանեն՝ այդ նախադասություններն ինչ են նշանակում։ Ես ոչ մի ցուցմունք տալու առիթ կամ պատճառ չունեմ»։

Մանուկյանի խոսքով՝ երկրում վերջին 2,5 տարվա ընթացքում խախտվում է Սահմանադրությունը՝ ընդ որում երկրի ղեկավարի կողմից։

«Պատերազմի ավարտից հետո՝ արդեն ոչ ռազմական վիճակում, ինքը շարունակում է Ադրբեջանին տալ Սյունիքի հողերը։ Դա նշանակում է ամենամեծ հանցագործությունը, և դա ամենամեծ խախտումն է Սահմանադրության, որը կարող է կատարվել։ Կարծում եմ, որ իր դեմ պետք է քրեական գործեր հարուցել և հետապնդել»։

Մանուկյանն ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նշեց, որ փետրվարի 20-ի ելույթից նախադասություններ կվերցնեն, իրենց ուզած ձևով կմեկնաբանեն, ինքն էլ չի փոշմանել իր հայտարությունների համար։

«Ես ասել եմ այն, ինչ ասել եմ, թող իրենք որոշեն դա ինչ է նշանակում»։
Մանուկյանը նշեց նաև, որ դժվարանում է ասել՝ գործը որքանով կանդրադառնա շարժման ընթացքի վրա,։ Նա  վստահեցրեց՝ պայքարը համաժողովրդական է, կլինեն մարդիկ, ովքեր կպայքարեն, եթե անգամ ինքը կալանավորվի։ Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ այս գործը շարունակվելու է։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը երեկ ՀՀ Քննչական կոմիտեի կողմից ստացել էր ծանուցագիր, որից պարզ էր դարձել, որ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու փաստի առթիվ 2021 թ․ փետրվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և որոշում է կայացվել է Վազգեն Մանուկյանին գործում ներգրավել որպես մեղադրյալ։

Այդ նպատակով Վազգեն Մանուկյանը կանչվել է ՀՀ Քննչական կոմիտե հարցաքննության՝ վերջինիս մեղադրանք առաջադրելու և որպես մեղադրյալ հարցաքննելու նպատակով։

Փաստինֆո