Ջավախքի Դիլիսկա գյուղից օժանդակել են զոհերի, վիրավորների և անօթևանների ընտանիքներին

67

Ինչպես Արցախյան առաջին գոյապայքարի (1990-1994 թթ.), այնպես էլ Ապրիլյան քառօրյայի և 2020 թ. երկրորդ լայնածավալ պատերազմի ողջ ընթացքում ջավախահայությունն ի ցույց դրեց Մայր պետության ու Արցախի կողքին կանգնելու՝ իր բարձր նվիրումն ու անմնացորդ պատրաստակամությունը:

 Որպես նշյալ խնդիրների ուսումնասիրման բովով անցած պատմաբան՝ չեմ կարող չվկայակոչել այն եռուն շրջանը, թե ինչպես 1980-ական թթ. վերջերից՝ Արցախյան շարժման սկզբնավորումից, մինչ առաջին գոյապայքարի հաղթական ավարտը ջավախահայությունը թե՛ մարդկային, թե՛ նյութական, թե՛ քաղաքական առումներով ամբողջությամբ սերտաճած էր Մայր պետության կայացման և արցախյան ճակատում հաղթանակների կերտման գործին: Այդ առումով՝ արժանահիշատակ են այն բազմաթիվ փաստերն ու փաստաթղթերը՝ շնորհակալագրեր, ստացականներ, վկայականներ ու վկայություններ, հրապարակումներ ու գրավոր հիշողություններ, խոսուն լուսանկարներ, գրքույկներ ու նոթատետրեր, ի վերջո՝ կենդանի մարդիկ, որոնցով փորձել ենք վերականգնել նշյալ ժամանակաշրջանի իրադարձությունների խճապատկերը:

Առանձին խնդիր է նաև ջավախահայության օժանդակությունը Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման գործում: Մինչ օրս ի հայտ են գալիս հուզիչ դրվագներ ու փաստեր, թե ջավախահայերն ինչպիսի նվիրումով են մասնակցել ավերված բնակավայրերից մարդկանց փրկելու, առաջին օգնություն ցուցաբերելու գործին: Գյումրիից և այլ բնակավայրերից բազմաթիվ անօթևան ընտանիքներ կամ ծնողներ կորցրած երեխաներ տանիք գտան Ջավախքում: Այդ ամենի մասին մեր շարադրանքներում տեղ են գտել նաև այդ մանուկների՝ տվյալ ընտանիքի երեխաների հետ հետագայում ընտանիք կազմելու և սիրո մասին գեղեցիկ դրվագներ:

 Ապրիլյան քառօրյան ևս բացառություն չէր, թշնամու հարձակումից տառացիորեն ժամեր անց սկսված օժանդակության գործընթացը շարունակվեց նաև Քառօրյայի ավարտից հետո, երբ ջավախահայությունն  ամենատարբեր ծրագրերի միջոցով կանգնեց զոհերի ընտանիքների, Արցախի և բանակի թիկունքին:

Ջավախահայության՝ Հայաստանի Հանրապետությանը և Արցախին օժանդակելու լավագույն ավանդույթներն ուղղակի պոռթկացին նաև 2020 թ. աշնանը՝ Արցախյան վերջին գոյապայքարի ընթացքում, և այդ գործընթացը այս կամ այն կերպ շարունակվում է մինչ օրս: 

 Սեպտեմբերի 27-ին հաջորդող մեկ-երկու օրվա ընթացքում, չնայած համավարակի պատճառով փակ սահմաններին և վրացական իշխանությունների՝ Արցախյան պատերազմի նկատմամբ չեզոքության դրսևորման բերումով հարուցած որոշակի խոչընդոտներին, Վրաստան – ՀՀ սահմանը հատեցին սննդամթերքով և այլ անհրաժեշտ իրերով բարձված առաջին բեռնատարները, և այդ գործընթացը շարունակվեց պատերազմի ողջ ընթացքում: Ջավախահայությունն այդ ընթացքում ցուցաբերեց նաև հսկայածավալ ֆինանսական օժանդակություն՝ փոխանցելով մեծ չափի գումարներ ինչպես «Հայաստան» համահայկական հիմնադրամին, այնպես էլ  առանձին ծրագրերի: Արդյունքում՝ Ջավախքի բոլոր շրջանների գյուղերում և քաղաքներում անհնար է գտնել մեկ ընտանիք, որն ինչ-որ կերպ իր օժանդակությունը չի ցուցաբերել Արցախյան գոյապայքարին, սրտի տրոփյունով չի սպասել բաղձալի հաղթանակին և անձնական ողբերգություն չի համարել Շուշիի կորուստն ու պատերազմում ունեցած ծանրագույն պարտությունը: Փաստենք նաև, որ աջակցության գործընթացին իրենց մասնակցությունն են բերել նաև ռուսաստանաբնակ ջավախահայերը, որոնց դրամական աջակցությունը գումարվել է հայրենի բնակավայրերից գոյացած միջոցներին և ուղղվել նպատակին:

Արցախյան առաջին գոյապայքարի օրինակով՝ պատերազմում իրենց անձնազոհությամբ Ջավախքի անունը բարձր պահեցին նաև Հայոց բանակի՝ ծնունդով կամ արմատներով Ջավախքից սերող սպաներն ու զինվորները, ինչպես նաև կամավորական ջոկատների մարտիկները: Թեև սահմանների փակ լինելու և իրավական արգելքների պատճառով ջավախահայությունը, համեմատած 1990-ական թթ. հետ, չկարողացավ լայն մասնակցություն ունենալ վերջին գոյապայքարին, այդուհանդերձ, եղան անձնազոհության հիանալի օրինակներ. որոշ ջավախքցիներ, ամեն գնով հաղթահարելով իրավական արգելքներն ու սեփական ուսերին վերցնելով այդ ամենի հետևանքները, ամեն գնով հասան ռազմաճակատ, ոմանք ծանր վիրավորվեցին:

Պատերազմում ընկան ծնունդով կամ արմատներով ջավախքցի մի քանի տասնյակ հայորդիներ, հերոսական ուղի անցան նաև բազմաթիվ սպաներ: Պատերազմի օրերին Հայաստանիազգայինհերոսիբարձրկոչմաննարժանացած  Գարեգին Պողոսյանը ծնվել և հասակ է առել Ջավախքի Խավեթ գյուղում, այնուհետև ռազմական կրթությունն ու զինվորական կարիերան շարունակել տարբեր ռազմական հաստատություններում և հայկական զինված ուժերում: Հոկտեմբերի 22-ին ջավախահայությունը ցնծությամբ ընդունեց իր հերոս զավակին Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանացնելու մասին լուրը:

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունից և զինված բախումների ավարտից հետո կանգ չի առել ջավախահայության` Արցախյան գոյապայքարում ընկած, անհայտ կորած, վիրավոր և անօթևան դարձած հայորդիների ընտանիքներին օժանդակելու գործընթացը: Օրերս հերթական այդպիսի ծրագրով հանդես եկավ Ջավախքի Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի հասարակությունը, որի հավաքած միջոցներով օժանդակություն ստացավ 24 այդպիսի ընտանիք:

Գյուղից հավաքված շուրջ 10.700 ԱՄՆ դոլարը գյուղի ներկայացուցիչ երիտասարդները, խորհրդակցելով համագյուղացիների հետ, բաշխեցին նշյալ ընտանիքների միջև՝ նախօրոք գնահատելով նրանց կարիքներն ու կարգավիճակը:

«Ես նախևառաջ իմ շնորհակալությունն եմ հայտնում Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի իմ համագյուղացիներին՝ ծրագիրն ավարտին հասցնելու պատասխանատու գործը մեզ վստահելու համար: Ծրագիրն իրականացնելիս ապրել ենք և՛ հպարտություն, և՛ ցավ: Առաջին դեպքում, որպես բարեգործության մասնակից, ինչ խոսք, հպարտ ենք եղել, որ կարողացել ենք նեցուկ կանգնել մեր հերոսների և անօթևան մնացածների ընտանիքներին, ինչը, նյութականից բացի, մեզ՝ ջավախահայերիս համար ունի նաև բարոյական նշանակություն: Այդուհանդերձ, ընտանիքներին այցելելով և տեսնելով, թե ինչպիսի ծանր վիճակներում գտնվող ընտանիքներ կան, չենք կարող չարտահայտել մեր մեծ ցավն ու կարեկցանքի խորը զգացումները»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց նախաձեռնության իրականացնող Գեորգի Մկոյանը, որն այցելել է Երևանում և ՀՀ մոտ ու հեռավոր մարզերում ապրող վերոհիշյալ ընտանիքներին՝ անձամբ փոխանցելով աջակցությունը:

Ըստ Գեորգի Մկոյանի՝ ծրագիրը, բնականաբար, ունենալու է նաև շարունակություն, և արդեն իրենք ունեն հաստատված ընտանիքների ցուցակ, որոնց հատկացվող աջակցությունը լինելու է ամենամսյա պարբերականությամբ: Բացի այդ՝ որոշ ընտանիքների ուղղությամբ աջակցության ծրագրեր իրականացնելու գաղափարը ծնվել է հենց տեղում՝ ընտանիքի հարկի տակ գտնվելու ժամանակ: Գեորգի Մկոյանն այդ առիթով շատ փակագծեր առայժմ չի բացում. «Կային վիրավոր կամավորականի կամ զինվորի, ինչպես և Արցախի՝ թշնամու վերահսկողության տակ անցած բնակավայրերից մազապուրծ և անօթևան դարձած ընտանիքներ, որոնց կողքով անհնար է անտարբեր անցնել: Վերջին դեպքում՝ մարդիկ, ռմբակոծությունների տակ  փախչելով սեփական տներից, անգամ չեն հասցրել իրենց հետ վերցնել անձնական իրերն ու փաստաթղթերը»:

Գ. Մկոյանն այդ ծանր իրավիճակները նկարագրելիս չի կարողանում թաքցնել հուզմունքը: Նշյալ ընտանիքները վայրկյանների ընթացքում կորցրել են տասնամյակներով ստեղծված ամեն ինչ՝ տուն, ունեցվածք, ավտոմեքենա, այգի, հողատարածքներ, անասուններ և այլն: Նրանց հարկի տակ ապրում են ծերեր և անչափահաս երեխաներ: Ըստ զրուցակցի՝ այս մարդկանց ճակատագիրն ամենաողբերգականներից է, և չպետք է թողնել, որ այդ երեխաների մանկական երազանքները փշրվեն: Նրանց պետք է աջակցել՝ գոնե կեցության նվազագույն պայմանների ապահովման գործում:

Yerkir.am-ը ստորև ներկայացնում է աջակցություն ստացած ընտանիքների անունները, յուրաքանչյուր ընտանիքի կարգավիճակի ու աջակցության չափի մասին տեղեկություններ պարունակող աղյուսակը և որոշ լուսանկարներ:

Վահե Սարգսյան

No description available.