Հայկ Ասատրյան. «Ցեղանենգ շէյթանը»

497

                                                                                                                                                                 « Ցեղանենգ շէյթանը» գրքույկը տպագրվել է Սոֆիայում 1933 թվականին: Այն վերահրատարակվել և ընթերցողի սեղանին է դրվել  «Հայրենիք» ակումբի ջանքերով :
Գրքույկից
 ներկայացնում ենք  մի հատված`որոշ կրճատումներով:

Մեր կեանքում հին, շա՛տ հին երևոյթ է նա – ցեղանենգ շէյթանը…
Ժամանակների առաջընթաց հոլովոյթին զուգահեռ՝ նա ըստ ձևի կերպափոխութեանց ենթարկւեց,  տարբեր անուններ ստացաւ,  ըստ էութեան,  սակայն,
մնաց միշտ նոյնը – «անցեղ հայութեան»  ստորնութեան յաւիտենական գիծը, հակացեղային չարիքը:
Նա մեր մէջ է յարատևօրէն:  Կրաւորական  է,  երբ ցեղը հոգևոր երկունքի կամ ռազմավառ խոյանքների մէջ է.  դառնում է ներգործական, երբ նա պարտւում է: Առաջին դեպքում՝ նա թաքնւում է մեր ազգային օրգանիզմում և իբր ներքին մակաբոյծ՝ ծծում մեր երակների կենսատու հիւթը: Երկրորդում՝ ջրօձի-հիդրայի նման բարձրացնում է իր հրէշային գլուխը,  լեզու է առնում և խօսքի թունաւոր  սլաքներով ձգտում է ծակոտել մեր սիրտը:
Նա  դէմ է մեր ազգային իդէալին,  երբ զոռ պայքարում ցեղի ճակատագիրն է վճռւում:
Նա դասալիք է, երբ Հայաստանում պատերազմ կայ:
Նա լիզում է թշնամու գարշապարը, երբ սա գալիս է մեր հպարտանքը, մեր ազատութիւնը ոտնակոխելու:
Նա դաւաճան է, երբ թշնամին ներքին լրտեսի պէտք ունի:
Նա քաղաքական կաւատ է,  եթէ ցեղավաճառութեամբ ապրելու կամ դիրքի հասնելու կարելիութիւն է տեսնում:
Նա գետնաքարշ ստրուկ է, երբ հայրենիքում օտարն է իշխում:
Նա զազրաբան քննադատ է, երբ ցեղի մարտիկները պարտւած են:
«Խեթիչ եղջիւր»  չունի այս թշւառականը (հայոց Աստւածը վաղուց է փշրել նրա կայէնական կոտոշները),  այլ միայն թունաւոր լորձունք: Խոսքի ցեխ է թափում նա բերանից, աղտոտում մեր իրականութիւնը և օտար աշխարհի առաջ մեզ դարձնում ամօթահար:
Այն օրից,  երբ թուրքն ու բոլշևիկը միանալով իրենց ոգու ցեխը
փոխեցին մեր կեանքի ճանապարհին՝ այդ տիպը դարձաւ ո՛չ միայն կենտրոնախոյս,  այլև ներազգային տեսակէտից՝ վճռաշունչ չարագործ:
Նա ա´յն կատուն է,  որ թոնիր է մտնում,  երբ կրակ չկայ.  խառնում է մեր կեանքի մոխիրը և թշնամուն մլաւում՝ «տեսէ՛քհայոց  ցեղայնութիւնն այլևս անթեղ չունի»:
Եվ տակաւին մեր միտքը չարչրկում է դարերի առեղծւածը –պիտի հոգեփոխւի՞ այս չէակը, դառնա՞յ դրական, ստեղծագործ ոյժ, ձուլւի՞ մեր ցեղայնութեան բովում, նւիրւի՞ համահայկականութեան գաղափարականին և գործին,  միանա՞յ մեզ՝ մեր գոյութեան պայքարի ճակատն ամրացնելու…
Ներազգային միությունը նախատեսում է  միացուցիչ բռունցք:  Այս բռունցքը կարող է լինել  բարոյական, եթէ  տւեալ ժողովրդի  կենտրոնախոյս տարրերը  բարոյական կշիռ ունեն. մտաւորական՝  եթէ նրանք իրենց սրտում ցեղային մշակոյթի գծեր են կրում. հոգևոր եթէ նրանք  հոգևոր ոգորումից ի սպառ զուրկ չեն.  նիւթական՝ եթէ  նրանք սոսկական փերեզակներ չեն. քաղաքական՝ եթէ նրանք ազգային  պետութիւն կառուցանելու տենչ ունեն:
  Իսկ ո՞վ չգիտէ,  որ մենք գործ ունենք հոգով փերեզակ,  մտածումով՝ ստրուկ,  բարոյականով՝ անկշռելիօրէն ընկած, աշխարհահայեցողութեամբ՝ իսպառ բոպիկ,  քաղաքական դաստիարակութեամբ՝ հիմնովին սնանկ մի խուժանի հետ: Նա կարող է միայն ֆիզիկական բռունցքով յաղթահարւել. Իսկ ո՞վ ասաց, որ պատմական առաքելութիւն, քաղաքական համացեղային իդէալ և այնքա՜ն արտաքին թշնամիներ ունեցող մի ժողովրդի կազմակերպւած  ուժը կարող է իրաւունք համարել՝ իր եռանդի ահագին մասը վատնել անուղղայ և ամե՛ն դէպքում ցեղօրէն անշահ ներքին հակառակորդի յիմարութեան կոտոշները փշրելու կամ յղկելու ճակատին…
Չմոռանա´նք, սակայն զգոյշ լինել: Նա Ս. Կարապետի աւանդական կաղ դևը չէ, որ պարտականութիւն է ստանձնել վանքի փոշին ու մոխիրը «թափել», այլ մեր կեանքի անագորոյն շէյթանը, որ նպատակ է դարձրել մեր վառելանիւթը գողանալ և իր հոգու հետ՝ հայութեան գոյութեան թշնամիներին ծախել:
Դարեր առաջ Եղիշէն ողբում էր. «կենդանեաւ  մերով  տեսաք  զդիակունս անձանց մերոց»: Ա՛հ, ո´րքան աւելի խորն է մեր այսօրւայ վիշտը:  Մենք հայ մարդոց  բարոյական  դիակներն  ենք  տեսնում  մեր  թշնամիների  ոտքի  տակ:  Ձա՞յն ենք տալիս՝ չեն սթափւում,  ոգեկոչո՞ւմ ենք՝ ոտքի չեն ելնում, ասո՞ւմ ենք՝ չեն լսում, լռո՞ւմ ենք՝ վայրահաչում են, բարձրացնո՞ւմ ենք՝ տղմասուզւում են, բռնո՞ւմ ենք՝ փախչում են, թողնո՞ւմ ենք՝ մեզ են կպչում, սիրո՞ւմ ենք՝ դառնում են վանողական, ատո՞ւմ ենք՝ մեզ անւանում են հատւածամոլ:
Ի՞նչպէս վարւենք, ի՞նչ անենք: Նրանք քծնում են, թշնամին՝ հրճւում, մենք՝ տառապում:
 Ի՞նչպէս հաշտւել, ի՞նչպէս լեզու գտնել, ի՞նչպէս մոռանալ, ի՞նչպէս ներել…